Հաճելիորեն զարմացած եմ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի տնտեսագիտական վերլուծության խորը գիտելիքների և դրանով պայմանավորված ուշադրության արժանի առաջարկությունների համար այստեղ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միջին եվրոպական երկրներում մոտավորապես 30 հազ. դոլար է, Հայաստանում՝ 4 հազար դոլարից մի փոքր ավել: Այսինքն, ՀՆԱ-ի 5 տոկոս տարեկան հավելաճի տեմպ ապահովելու դեպքում մեկ շնչին ընկնող այդ ցուցանիշով միջին եվրոպական երկրների այսօրվա մակարդակին կարող ենք ենք հասնել 40 տարուց ոչ շուտ:
Արդյոք 5 տոկոսանոց հավելաճի տեմպն այն ցուցանիշն է, որը մեզ ապահովելու է արժանապատիվ ապագա: Իսկ հնարավոր է ավելի բարձր հավելաճի տեմպ ապահովել: Կառավարության ծրագրում դրված խնդիրների լուծումը (տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, հուսալի ենթակառուցվածքների զարգացումը) հնարավորություն տալիս են ավելի բարձր հավելաճի տեմպ ապահովել:
Դրա հետ միասին ներդրումների ապահովման Արայիկ Հարությունյանի առաջարկած պարտքային մեխանիզմը կարող է արմատական բարելավման խթան հանդիսանալ: Առավել ևս, որ մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնելով (սպառման սահմանային հակումը նույնիսկ 0.75 ընդունելով ներդրված ծախսերը կբերեն դրանով պայմանավորված ՀՆԱ-ի 4 անգամ ավելացման):
Կարծում եմ արված առաջարկությունները ուշագրավ են և անհրաժեշտ է մասնագիտական լայն քննարկումներ կազմակերպել:
Միքայել Միքայելյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր