7 Դեկտեմբերի 2019թ. 21:10

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԷԳՈԻԶՄԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«Կրթական բարեփոխումներ․ ե՞րբ եւ ինչպե՞ս է փոփոխվելու դասագրքերի բովանդակությունը» թեմայով այսօր քննարկման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը, նշեց, որ Հայաստանում կրթությունը չափորոշիչահեն է, ինչը նշանակում է, որ դասավանդման համար ցանկացած նյութ, որ մշակվում է, դրա համար պետք է հիմք դառնան չափորոշիչներն ու առարկայական ծրագրերը։ Իսկ դասագիրք մշակելու գործընթացը տեւում է մեկ տարի, քանի որ կա նաեւ փորձաքննություն անցնելու ժամանակաշրջան։

«Եթե մենք այսօր նախաձեռնենք դասագրքերը փոխելու գործընթաց, դա նշանակում է, որ լավագույն դեպքում 2020թ․ մարտին ունենալու ենք նոր դասագրքեր։ Արդյոք դա չի՞ նշանակի պետության միջոցների վատնում։ Եթե մենք այսօր գործընթաց ենք նախաձեռնել ծրագրային նյութերը մշակելու, դա վերաբերում է նաեւ վարկային ծրագրերով իրականացվող փոփոխություններին։ Եթե մենք ռեսուրս ենք ծախսել հինգ տարով տպագրելու մի դասագիրք, որը եկող տարի մեզ կարող է պետք չլինել։ Դա նշանակում է, որ եկող տարի չափորոշիչները փոխված կլինեն եւ արդիական չեն լինի»,- ասաց ԿԳՆ տեղակալը։

Նա հավելեց, որ պետք է մշակվեն 5-12-րդ դասարանների բոլոր առարկայախմբերի դասավանդման ու ուսումնառության նյութերը։ Վարկային ծրագրով էլ կփոխվեն դասավանդման եւ ուսումնառության նյութերը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ դեռեւս դասագրքերի մասին մտածելու ժամանակը չէ, հիշեց, որ 2003-2004թթ․ առաջին անգամ ՀՀ-ում մշակվեց կրթակարգ։ Իսկ դա, ըստ նրա, բրիտանական մոտեցումն է, երբ փորձում ես մտածել, թե ինչ ես ուզում երեխաներին սովորեցնել դպրոցներում։ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կա «ակադեմիական էգոիզմ» կոչվող երեւույթը, երբ ամեն մեկը մտածում է, թե հենց իր առարկան, իր դասագիրքը ամենաշատ ժամերը պետք է ստանան, եւ այդտեղ սկսվում են միջոլորտային խնդիրներ։ Իսկ կրթակարգը պետք է լինի ոչ մեծ փաստաթուղթ՝ 10 էջից ոչ ավելի։ Ըստ նրա՝ արդյունավետ կրթակարգ ունենալու համար պետք է լինի մարդկանց մի խումբ, որոնք անընդհատ քննարկումներ անեն եւ հասունացնեն որոշակի գաղափարներ։ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանն էլ նշեց, որ շատ կարեւոր է իմանալը, թե ինչի համար է փոխվում դասագիրքը։

Նա նշեց, որ ինքը եւ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը հետազոտություն են անցկացրել, դիտարկել ավագ դպրոցի պատմության եւ գրականության դասագրքերը, եւ այդ ամենը դիտարկել են կրթության բովանդակության տեսանկյունից։ Լուսինե Խառատյանը նշեց նաեւ, որ կարեւորել են հանդուրժողականությունը, խաղաղությունը, կնոջ եւ տղամարդու իրավահավասարությունը, որոնց վերաբերյալ ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություններ։ Խառատյանի դիտարկմամբ՝ հումանիտար եւ հասարակագիտական ոլորտներին վերաբերող հետազոտություններն ավելի շատ են, քան բնագիտական ոլորտներին վերաբերող հետազոտությունները։ Նա նշեց, որ պետք է պարզել, թե ինչ կոմպետենցիաներ ունեն երեխաները, որոնք դպրոցն ավարտելուց հետո բախվելու են տարբեր խնդիրների։ Լուսինե Խառատյանը նշեց, որ ժողովրդավարության առումով լուրջ փոփոխությունների կարելի է հասնել միայն հասարակագիտական առարկաներում լուրջ փոփոխություններ իրականացնելու միջոցով։ Իսկ դա վերաբերում է ոչ միայն դասագրքերին եւ չափորոշիչներին, այլեւ դասավանդման մշակույթին, պրոեկտային ուսուցմանը։

Աղբյուրը՝ այստեղ