Պարոն Ասատրյան, Ազգային ժողովն ընդունեց կառավարությանծրագիրը: Դրանում դրված է տնտեսական հեղափոխության գաղափարը: Արդյոք դա այն ծրագի՞րն էր, որը պետք է ներկայացվեր հեղափոխությունից հետո:
Կառավարության ծրագիր ասածը ստեղծագործական ուրույն ոճ է, ոչ մի փաստաթղթով չի կանոնակարգվում, և այն անձինք, ովքեր մշակում ու ներկայացնում են, իրենք են որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի: Հիմա լավագույն դեպքում կարող ենք խոսել այն սպասումների մասին, որ ունեինք և այն պատկերացումների, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում: Իմ սպասումները մի քիչ այլ էին: Այս հեղափոխության հիմքում եղել է հարաբերությունների նոր որակը՝ քաղաքական գործիչների և հանրության միջև: Ուզում եմ հիշեցնել նախահեղափոխական կարևոր նախաձեռնություններից մեկի՝ քաղաքացիական պայմանագրի մասին և, բնականաբար, ակնկալում էի, որ ծրագրի առանցքը դա կլիներ, ինչը նոր որակ և թարմություն ու նաև հստակություն կհաղորդեր ծրագրին: Երբ խոսում ենք հեղափոխության ու ներառական զարգացման մասին, ի՞նչն է խնդիրը, ըստ իս՝ մեր հասարակության հնարավորինս լայն հատվածներին այս գործառույթի մեջ ներառելն է: Եվ ըստ այդմ՝ ծրագիրը, այո, այդ պայմանագրի տեսքը պետք է ունենար՝ մի կողմից իշխանությունն իր անելիքներն էր հայտարարում, մյուս կողմից քաղաքացիների կամ տնտեսվարողների համար դնում էր այն խնդիրները, որ մասնակից դառնան այս գործընթացին: Բանավոր դրա մասին ասում են, բայց պետք է մեխանզիմներ լինեին այդ ամենը գործի դնելու ու ակտիվացնելու համար:
Մեր հասարակության մեջ առկա են բավականին լայն հատվածներ, որոնք տնտեսական, իսկ լայն իմաստով նաև հանրային շրջանառությունից դուրս են, միայն գոյատևում են: Նախկին իշխանությունների ամենամեծ բացը այդ էր, օրինակ պետական սոցիալական քաղաքականությունը նպատակաուղղված էր այդ հատվածի հաշվառմանն ու սուղ բյուջետային միջոցներից որոշ միջոցների հատկացմանը, իսկ քաղաքական ուժերը (որոշիչ) պետք է ժամանակ առ ժամանակ ընտրակաշառքներով օժանդակեին այդ հատվածին: Այսինքն իշխանությունների առաջնային խնդիրը՝ սեփական վերարտադրությունը ընդհանուր ցածր արդյունավետ տնտեսական քաղաքականության պայմաններում հանգեցնում էր աղքատության, չքավորության վերարտադրությանը իր բոլոր հետևանքներով՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլն: Մինչդեռ երբ ասում ենք՝ «ներառական», նկատի ունենք տնտեսական շրջանառության մեջ մասնակիցների, արդյունք ստեղծողների թվի ավելացումը: Ո՞նց, իմ կարծիքով՝ սա այս ծրագրում չկա, լավ կլիներ, որ լիներ: Պետք է դրվեին այն խնդիրները, որով, օրինակ, պետք է ղեկավարվեն տեղական ինքնակառավարման մարմինները և այլն:
Եվ, ի վերջո, կա վերջին հատվածը, որ այս իշխանության թիվ մեկ հատկանիշը ժողովրդականությունն է: Սա իսկապես ընտրված իշխանություն է, և ընտրված իշխանությունը միշտ պետք է ձգտի այս սկզբունքը շատ բարձր պահել: Եվ դրա արտացոլման ձևն ու եղանակը լինելու է հաշվետվողականությունը: Այսինքն՝ իր պատկերացրած խնդիրներն այն տեսքով ու ձևով, այդ թվում՝ ցուցիչներով պետք է ներկայացներ, որ հետագայում հաշվետու լիներ իր արածի և չարածի համար: Եվ դրանով իսկ օգներ, որ հասարակությունը մյուս անգամ արդեն ավելի ճիշտ ու որակյալ ընտրություն կատարեր: Հիմա դա բավական թույլ է արտահայտված ծրագրում: Ցուցանիշները շատ քիչ են, բոլորը խոսեցին դրա մասին: Մի խնդիր էլ կա, դա այն է, որ ցուցիչների ցածր մակարդակ է սահմանված, օրինակ, տնտեսական աճի 5 տոկոսը:
Կառավարության անդամներն ասում են՝ 5 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է, որը դրված է իրենց առաջ: Այսինքն՝ չպետք է հիմնվել այդ ցուցանիշների վրա:
Նվազագույն էր նաև այն, ինչ երկու տարի առաջ նախկին իշխանություններն իրենց ծրագրերում էին արտացոլում: Բայց հայտնի է, որ նման ցուցանիշներով, անգամ հաշվի առնելով իշխանությունների ակնհայտ ձգտումները կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհների դեմ պայքարում և ընդհանրապես օրինականության վերահաստատման բնագավառում, դեռևս հեղափոխական զարգացում չեն ապահովում: Կարծում եմ, որ որևէ կառավարության ծրագրի հիմքում պետք է դրվեն կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են կոնկրետ ցուցանիշներով: Ի վերջո, սա վերացական ծրագիր չէ, այն համախումբն է տարբեր ոլորտներում իրականացվելիք ու խիստ փոխկապված ու ներդաշնակեցված միջոցառումների՝ պետական կառավարման, կառուցվածքային բարեփոխումների, տարածքային զարգացման, հարկային ու բյուջետային, դրամավարկային և այլն: Սրա հիմքում, իր հերթին, դրվում է միասնական ֆինանսական ծրագիրը, որը ելնելով երկարաժամկետ զարգացման ծրագրով նախատեսված հեռանկարային զարգացման խնդիրներից՝ հիմք է հանդիսանում եռամյա՝ միջնաժամկետ զարգացման ծրագրի ու տարեկան բյուջեների համար: Իսկ որևէ կառավարության ծրագիր պետք է մաս կազմի այդ ծրագրային փաստաթղթերի, իշխանության եկած որևէ քաղաքական ուժ պետք է իր նախընտրական ծրագիրը վերափոխի կառավարության ծրագրի ու ապահովի վերը թվարկած ծրագրերի հետ ներդաշնակությունը, ինչը և կարող է կայուն զարգացման նախադրյալ հանդիսանալ:
Մինչդեռ այս ծրագիրն իր բովանդակությամբ ավանդական մոտեցումների շարադրանք է, իսկ պահանջների շեմն ավելի ցածր է, քան 2017 թվականին ընդունված ծրագրում: Չեմ պնդում, որ շատ թվեր պետք է լինեն ծրագրում, բայց ինչ-որ ցուցիչներ կան, որոնք կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը պետք է նպաստեն: Իմ կարծիքով՝ այդտեղ շատ կարևոր էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, այդ ցուցանիշն ըստ տարիների պետք է դրվի նաև այն առումով, որ գործիք պետք է հանդիսանար վարչապետի ու իշխող ուժի համար կառավարության հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար: Ի վերջո, մենք անցում ենք կատարել խորհրդարանական կառավարմանը, որը բազմաթիվ բացեր ունի: Եվ այստեղ վարչապետն ինչ-որ վերահսկող, խթանող դերակատարություն պետք է ունենա, ինչը կնպաստի կառավարության հաշվետվողականության բարձրացմանը:
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, և պետք է փորձենք այստեղից ստանալ առավել արդյունք, որի համար կառավարության և ավելի լայն իմաստով կառավարման համակարգի յուրաքանչյուր
Վարչապետն էլ ասաց, որ հիմնական նպատակն է խթանել, որ մարդիկ աշխատեն: Այդ հնարավորությունը ծրագրով տրվո՞ւմ է:
Որոշ սկզբունքներ ծրագրում դրված են, օրինակ վարչարարության բարելավման խնդիրը: Պետական կառավարումն ընդհանրապես ու որևէ կառավարման օղակ պետք է դիտարկվեն որոշակի որակյալ ծառայություններ մատուցելու կարողության տեսանկյունից: Բայց իրականությունը մի քիչ այլ է: Օրինակ, այսօր իմ ղեկավարած Գառնի ինվեստ ընկերության մասնաճյուղն ենք ստեղծում: Ցուցիչներ կան նոր բիզնես ստեղծելու գործընթացները բարելավելու վերաբերյալ, բայց բազմաթիվ ձևական խնդիրներ կան անվտանգության, հակահրդեհային անվտանգության, էլեկտրամատակարարման ապահովման (միայն նշված խնդիրների լուծման համար պահանջվում է 6-7 փաստաթուղթ) և այլ առումներով: Մինչդեռ իշխանությունները պետք է ձգտեն դաշտեր ստեղծել այս կամ այն բիզնեսի համար, պատրաստի հարթակեր: Բայց սա իհարկե բավարար չէ, ամբողջ քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի այս խնդրին՝ սոցիալականից մինչ հարկային, ընդ որում ծրագրավորված, իբրև միջոցառումների ամբողջականություն, որոշակի տրամաբանությամբ ու հերթականությամբ, ինչը բացակայում է: Հուսանք ՝առաջիկայում դա կտեսնենք ընդունվելիք որոշումների ու հաստատված ծրագրերի տեսքով:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուրն՝ այստեղ