Համալսարանների ռեկտորները 2018թ. հաշվետվությունները ներկայացրեցին հոգաբարձուների նոր խորհուրդներին: Նոր խորհրդին հաշվետվություն ներկայացրեց նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Թվում էր, որ նոր իրավիճակում, դոկտորական ատենախոսությունում գրագողության 50 դրվագներում անհուսալիորեն խճճված ռեկտոր Գալստյանը, ով որևէ բացատրություն այդպես էլ չկարողացավ տալ իր կողմից կատարած արտագրությունների առումով, բավարար խոհեմություն պիտի դրսևորեր և իրեն վարկաբեկող նոր պատմությունների մեջ չհայտնվեր:
Սակայն, այդպես էլ չկարողանալով հաղթահարել համալիր կրթություն չստանալուց եկող դելիտանտիզմի բարդույթը, Գագիկ Գալստյանը 2018թ. տարեկան հաշվետվությունում ներկայացրել է ցուցանիշներ, որոնցից մի քանիսի հավաստիությունը կասկած է հարուցում: Մասնավորապես, BUH.AM-ը կասկածներ ունի, որ ճարտարապետաշինարարական համալսարանում 62 պրոֆեսոր չի աշխատում և այդ՝ հավանաբար ուռճացված թիվը ներկայացվել է հանրությանը ապակողմնորոշելու նպատակով: Այսինքն, կեղծ շղարշ ստեղծելու համար, որ իբր, ռեկտոր Գալստյանն այնքան արդյունավետ է պաշտոնավարել, որ 5 տարվա ընթացքում համալսարանն ունեցել է պրոֆեսորների թվաքանակի 20% աճ: “Հալալ է” այս մարդուն:
Կասկածները փարատելու և հիմնավոր ապացույցներ ստանալու պարագայում, ռեկտոր Գալստյանին դրվատանքի խոսքեր ասելու համար, BUH.AM-ի գլխավոր խմբագիր Գագիկ Սարգսյանը պաշտոնապես դիմել է ռեկտոր Գալստյանին, խնդրելով, ըստ ամբիոնների, տրամադրել համալսարանում աշխատող 62 պրոֆեսորների անունները, սակայն զավեշտական պատասխան է ստացել: Ռեկտոր Գալստյանը հայտնել է, որ այդ եղեկությունը պարունակում է անձերին առնչվող տվյալներ և հրապարակման ենթակա չէ:
Այսպիսով, խուսափելով պատասխանից, ռեկտոր Գալստյանն իրեն ինքնակամ դնում է այնպիսի իրավիճակում, երբ յուրաքանչյուր ոք, մինչև սույն կասկածների հիմնավոր կերպով փարատումը, կարող է ասել.
— Ստում եք, պարոն ռեկտոր: Ընդ որում՝ ստում եք միտումնավոր՝ Ձեր մանր ու կանխատեսելի խարդավանքներով արատավորելով ռեկտորի բարձր անունը:
BUH.AM