23 Սեպտեմբերի 2019թ. 14:56

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բանակցությունների ժամանակ քննարկել են Պարսից ծոց – Սև ծով միջանցքը գործարկելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի տարածքով Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցքն արմատապես կփոխի Երևանի դիրքը տարածաշրջանում։ Տեսականորեն երթուղու գործարկումը հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի իշխանությունների կամքը։ Սակայն դրա գործարկումը շատ առումներով կախված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նախագծի իրականացումից։

Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծելու մասին առաջարկն ինքնին նոր չէ։ Թեման կրկին արդիական է դարձել փետրվարի 27-28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Թեհրան կատարած առաջին պաշտոնական այցից հետո։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է Հայաստանի տարածքով այդ միջանցքը գործարկելու հարցը։

Երթուղու գործարկումը թույլ կտա Երևանին դառնալ «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։ Դրանով իրանական ապրանքների համար ուղի կբացվի դեպի սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եվրոպա։ Ի դեպ, երթուղու հայկական ուղղությունն ավելի կարճ է, քան Ադրբեջանով անցնող ճանապարհը։

Ինչպես նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, «Պարսից ծոց – Սև ծով» նախագիծը Երևանի մասնակցությամբ ակտիվացնում է նաև վրացական ուղղությունը։ Նա նշեց, որ իրանական իշխանությունները հնչեցրել են այդ գաղափարը վերջին մի քանի տարիների ընթացքում։

«Այլ խնդիր է, որ Երևանը պետք է աշխատի, որպեսզի նախաձեռնությունը վերցնի Բաքվից։ Առավել ևս, որ արդեն գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին», — ասաց Մելիքյանը։

Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հնարավորին շուտ ավարտել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հինարարությունը, որը կմիացնի Հայաստանի հյուսիսային սահմանը հարավայինի հետ։

Իր հերթին իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ Իրանը ձգտում է օգտագործել մի քանի տարանցիկ ուղղություններ։ Դրանցից մեկը Հայաստանի տարածքով «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքն է։

Նա շեշտեց, որ եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ ուղղությունը բավական գրավիչ էր Իրանի համար, ապա այսօր իրավիճակը փոխվել է։

«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն իրականանում է ոչ Հայաստանի հաշվին», — ասաց Իսրայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ հիմա Իրանը և Ադրբեջանը կապվում են Ռուսաստանի հետ այլ տրանսպորտային միջանցքի շրջանակում, ուստի Թեհրանի և Երևանի համագործակցությունն այդ ոլորտում կախված չէ Բաքվից։

Բացի այդ, Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները վերջին շրջանում նույնպես փոխվել են, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է ադրբեջանա-իսրայելական համագործակցության, Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման և Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Փորձագետը վստահ է, որ հիմա Հայաստանի միակ խնդիրը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հարցն է։ Նա համակարծիք է ճանապարհի գործարկումը շուտափույթ կերպով արագացնելու անհրաժեշտության հետ։

Նշենք, որ «Հյուսիս-հարավը» կարևոր դեր է խաղում Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններում։ Այդ մասին վերջին տարիներին բազմիցս հայտարարել են իրանական իշխանությունները՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել նախագծի շրջանակում երկաթուղու հայկական հատվածի շինարարության ձևաչափում։

Երևանն իրեն այդ նախագծում տեսնում է որպես «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի կապող օղակ։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

Աղբյուրն՝ այստեղ