18 Հոկտեմբերի 2019թ. 10:40

Սերոբ Խաչատրյան. Քիչ ու խորը սովորեցնենք

Այս շաբաթ մասնակցում էի մամուլի ասուլիսի, որի ընթացքում քննարկվում էր դասագրքերի հարցը։ Ասուլիսին որպես բանախոս հրավիրված ազգագրագետ, կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Ծատուրյանը նշեց, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել դասագրքերը, որպեսզի ներկայումս դպրոցում սովորող երեխաները ևս մի քանի տարի չկորցնեն իրենց կյանքից։

Իհարկե, հասկանալի է մասնագետի, ծնողի մտահոգությունը։ Բայց մի ավելի կարևոր խնդիր ունենք. ինչպե՞ս իրականացնենք փոփոխությունները, որպեսզի նոր դասագրքերը որակապես շատ ավելի լավը լինեն։ Իմ գնահատմամբ՝ եթե շտապենք, կարող ենք փոքրիկ ու տեխնիկական փոփոխություններ անել դասագրքերում, բայց որակական փոփոխություններին դեռևս պատրաստ չենք։ Պատճառն այն է, որ վերջին տարիներին բովանդակության, դասագրքաստեղծման գործընթացը զարգացնելու ուղղությամբ շատ քիչ ենք աշխատել։ Շախմատում կա այսպիսի մի կանոն. որպեսզի հաղթելու հնարավորությունդ մեծանա, պետք է ֆիգուրներդ ակտիվ լինեն։ Մեր «կրթական շախմատի» ֆիգուրները վերջին տարիներին ակտիվ չեն եղել։ Նախ՝ պետք է ակտիվացնենք, հասունացնենք, հետո նոր՝ մտածենք առաջընթացի մասին։

Վերջին 10 տարիների ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ համակարգի մարդիկ մեկուսացած են աշխատել։ Մասնագետները պարբերաբար մասնակցել են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված նախագծերի, որոնք չեն համակարգվել ու կապիտալացվել նախարարության կողմից։ Գուցե եղել են լավ նախաձեռնություններ, լավ գաղափարներ, բայց դրանք չեն օգտագործվել։

Դասագրքաստեղծման ոլորտում վերջին 2 տարիների ընթացքում ակտիվացել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամը։ Տևական ժամանակ բովանդակային աշխատանքներ իրականացնում է նաև «Զանգակ» հրատարակչությունը։

Տարբեր կազմակերպությունների և փորձագետների կողմից իրականացվել են նաև հետազոտություններ։ Դասագրքերի բովանդակությունը դիտարկվել է մարդու իրավունքների, երեխայի իրավունքների, սեռային կարծրատիպերի և այլ տեսանկյուններից։ Բայց չկա պետական մի կառույց կամ մարդկանց խումբ, որոնք վերջին տասնամյակի ընթացքում համակարգել են այդ աշխատանքները։

Աշխատանքն այնքան վատ է համակարգվել, որ ուսուցիչներն ասում են, որ իրենց դիտողություններն ու առաջարկները դասագրքերում ներառված չեն, իսկ դասագրքերի հեղինակներն էլ ասում են, որ ուսուցիչներից հիմնականում ստանում են գովերգող կարծիքներ։ Արդյունքում՝ դասագրքերի հեղինակները նույնիսկ չգիտեն, թե ինչը պիտի փոխեն, քանի որ հիմնականում ստացել են դրական կարծիքներ։

Բայց մինչև դասագրքերը փոխելը, մեզ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ուզում ենք ունենալ Կրթակարգ։ Կրթակարգն այն փաստաթուղթն է, որում ձևակերպվում է կրթության բովանդակության տեսլականը, չափորոշիչների կառուցվածքը, ուսուցման և գնահատման համակարգերը։ Այդ փաստաթղթում սահմանվում է «ի՞նչ ենք ուզում սովորեցնել» հարցի պատասխանը։ Նման փաստաթուղթ ունեն ոչ բոլոր երկրները։ Կրթակարգի գաղափարը 1990-ականներին առաջին անգամ ներդրվեց Մեծ Բրիտանիայում։ 2004-ին Հայաստանը նույնպես ունեցավ իր Կրթակարգը։

Ցավոք, այդ փաստաթուղթն իր տրամաբանական շարունակությունը չգտավ առարկայական չափորոշիչներում, ծրագրերում և դասագրքերում։ Չհաջողվեց ձևակերպել հանրակրթության կուռ բովանդակություն։ Միջառարկայական կապերը մնացին թույլ, դասագրքերի հեղինակները ոչ միշտ հաշվի առան Կրթակարգի պահանջները՝ շարունակելով մտածել միայն տվյալ առարկայի սահմաններում։

Այս պահին հայտնի է, որ չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվելու են։ Դեռ հստակ չէ, ունենալո՞ւ ենք Կրթակարգ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Կրթակարգ ունենալը խիստ կարևոր է։ Հայաստանի կրթական համակարգում այսօր անորոշ վիճակ է։ Մարդկանց մեծ մասը սև կամ սպիտակ են մտածում, մինչդեռ իրականում շատ քիչ հարցեր կան, որոնք սև կամ սպիտակ մտածողությամբ հնարավոր է լուծել։

Եթե որոշվի ունենալ Կրթակարգ, ապա դրա վրա անհրաժեշտ է ծախսել առնվազն մեկ տարի։ Այդ փաստաթուղթը կարող է լինել ընդամենը 10 էջ։ Բայց այդ փաստաթղթի յուրաքանչյուր նախադասությունը պետք է լինի խորը մտածված ու քննարկումների երկար շրջափուլ անցած։

Այդ փաստաթղթի առանցքային գաղափարը պետք է լինի հետևյալը. յուրաքանչյուր առարկայի մասին պետք է սովորեցնել միայն առանցքային գաղափարներ, բայց այդ գաղափարները պետք է ուսուցանել խորությամբ։ Գիտականորեն ապացուցված է, որ երեխաները չեն կարող շատ բաների մասին կարճ ժամանակում սովորել։ Հետևաբար՝ նրանց պետք է քիչ սովորեցնել, որպեսզի նրանք ժամանակ ունենան այդ ամենը սովորելու։ Ապացուցված է նաև, որ մակերեսային ուսուցումն արդյունավետ չէ։

Մարդն ինչ-որ բան սովորում է, եթե խորությամբ է տիրապետում տվյալ թեմային։

Մակերեսային իմացությունն առանձնապես չի տարբերվում չիմացությունից։ Այն, ինչ մենք հիմա անում ենք, սխալ է։ Մենք սովորեցնում ենք շատ բաների մասին ու մակերեսային։ Մինչդեռ պետք է սովորեցնենք քիչ բաների մասին ու խորը։

Բարեփոխումների այս նոր փուլի նպատակներից մեկն էլ պիտի լինի ուսուցիչներին ոգևորելը և փոփոխությունների ակտիվ մասնակից դարձնելը։

Ուսուցիչները պետք է հստակ իմանան հանրակրթության բովանդակության «մեծ նկարը»։ Եվ պետք է հստակ պատկերացնեն, թե այդ մեծ նկարի որ մասերում իրենց առարկան դեր ունի։ Ուսուցիչը պետք է իմանա, որ ինքը մեծ գործի մաս է կազմում, ոչ թե պարզապես իր առարկան է ուսուցանում։

Աղբյուրն՝ այստեղ