«Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը անդրադարձել է վերջին շրջանում լրագրողների և հետաքրքրված տարբեր շրջանակների կողմից իրեն ուղղված արտաքին պարտքի ավելացման նպատակահարմարությանը վերաբերող հարցերին եւ ներկայացրել իր տեսակետը.
Նախ ես կարծում եմ, որ արտաքին պարտքի մեծությունից վախենալ պետք չէ, հատկապես որ համաշխարհային տնտեսությունում առկա է նման տենդենց, և պետական պարտքի միջոցով լուծվում են ներքին տնտեսական խնդիրներ, ապահովվում է զարգացում: Դա է ապացուցում այն փաստը, որ 2000-2009 թթ-ին համաշխարհային տնտեսության ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 70%-ից հասել է 105%-ի, իսկ զարգացած երկրներում՝ 62-ից 83%-ի: Մի շարք երկրներում պետական պարտքի այդ աճը նպաստել է տնտեսական աճին: Իհարկե, պարտք ներգրավելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպիսիք են՝ ֆիսկալ դեֆիցիտը, վճարահաշվարկային հաշվեկշիռը, փոխարժեքի ռեժիմը, ինչպես նաև շատ այլ հանգամանքներ՝ ընդհուպ ազգային առանձնահատկությունը:
Սակայն, կուզենայի սույն խնդրի վերաբերյալ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա: Նախ՝ ներգրավված միջոցների արդյունավետ օգտագործում, ինչը նշանակում է, որ պարտքը պետք է ներգրավված լինի կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով, և որի արդյունքը պետք է լինի տնտեսության կառուցվածքային բարեփոխումը և տնտեսության արդյունավետության բարձրացումը:
Երկրորդ՝ ներգրավված պարտքի պայմանները. ժամկետը և տոկոսադրույքը: Հատկապես, պետք է ուշադրություն դարձնել ներգրավված միջոցների տոկոսադրույքին: Այն չպետք է գերազանցի իրական ՀՆԱ-ի աճին: Հակառակ դեպքում պարտքի ներգրավումը կդառնա ոչ արդյունավետ և երկրի տնտեսությունը կհայտնվի, ինչպես տնտեսագետներն են անվանում՝ «դինամիկ անարդյունավետության» իրավիճակում:
Ամփոփելով կարող եմ ասել, որ արտաքին պարտքի արդյունավետ օգտագործման և կառավարման պարագայում, այն հանդիսանում է տնտեսության զարգացման խթան, և պարտքի սպասարկման մասով գալիք սերունդների վրա հարկային բեռ չի ավելացնում:
Աշոտ Օսիպյան
Աղբյուրն՝ այստեղ