14 Դեկտեմբերի 2019թ. 13:57

Ռուբեն Վարդանյանի իրավաբանները պահանջել են The Shift պարբերականից՝ հեռացնել «Տրոյկա դիալոգ»-ին վերաբերող հոդվածը

Մալթայի The Shift հրատարակչությունը նամակ է ստացել բրիտանական իրավաբանական Simons Muirhead & Burton կազմակերպությունից՝ OCCRP-ի հետաքննության հիման վրա գրված «Տրոյկա լվացքատունը. ինչպես են ռուսները փոխադրում իրենց փողերը Արեւմուտք» հոդվածը հեռացնելու պահանջով, հայտնում է meduza.io-ն:

«Տրոյկա դիալոգ» ներդրումային բանկի տնօրեն Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող իրավաբանները հայտնել են, որ հրատարակչության, գլխավոր խմբագրի կամ լրագրողների դեմ կարող են դատական հայց ներկայացնել՝ զրպարտության միջոցով բանկին հասցված վնասի փոխհատուցման պահանջով:

The Shift-ը մտադիր չէ հեռացնել հոդվածը: Խմբագրությունից հայտնել են, որ Վարդանյանի դիրքորոշումն արտացոլված է նախնական նյութի մեջ:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի ֆոնին ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր հավատում են իրեն:

««Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո ամբողջ աշխարհից մեծ թվով գործընկերներ, բարեկամներ և համախոհներ, անգամ անծանոթ մարդիկ դիմել են ինձ և Ռուսաստանում ու Հայաստանում տեղակայված մեր գրասենյակներ՝ փոխանցելով անկեղծ աջակցության խոսքեր, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում են մեր ընտանիքը, մեր համախոհները և թիմը։ Հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար»,-նշվում էր տարածված հաղորդագրությունում:

Սկզբնաղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյանի

 

Աղբյուրն՝ այստեղ