23 Սեպտեմբերի 2019թ. 15:33

Բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քը պետք է տե­սա­նե­լի լի­նի.Ար­ցա­խում հան­րա­յին քննար­կում­ներ կսկսվեն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը տարբեր ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ առաջիկայում պատրաստվում է հանրային քննարկումներ կազմակերպել: Խոսելով քննարկումների նպատակի, ինչպես նաև ակնկալվող արդյունքի մասին, կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հիմնադրման օրվանից «Արդարություն» կուսակցության գործունեության հիմնական ուղղությունը նաև հանրային իրազեկումն է եղել:

«Մենք գտնում ենք, որ իշխանությունների գործունեության թափանցիկությունը և հանրության իրազեկված լինելն իշխանություն-հասարակություն հարաբերությունների մեջ կարևոր նախապայման են, որոնք Արցախում այսօր, ցավոք, դեռ բարձր մակարդակի վրա չեն: Միևնույն ժամանակ, տարիներ շարունակ իշխանությունը խոսել է բարեփոխումների մասին, սակայն որևիցե ակնառու արդյունք չի եղել: Եվ մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա զուտ բարեփոխումներ կատարելու շղարշ է, որովհետև նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այս կամ այն խնդրի լուծումը և ինչպիսի՞ արդյունք ենք ակնկալում: Եվ մինչև հանրային քննարկումներ չլինեն, մինչև չձևակերպենք առաջնահերթությունները, չհաշվարկենք առկա ռեսուրսները, բարեփոխումների մասին խոսելն անիմաստ է. այսօրվա դրությամբ դեռ որևիցե ոլորտի պատասխանատու չի բարձրաձայնում, թե ինչպես է տեսնում իր ոլորտի զարգացումն առաջիկա 5, 10, 15 տարիներին: Ոլորտի ղեկավարները փոխվում են, և յուրաքանչյուրը, կարծես, իր տեսլականով է շարժվում: Մեկը գնում է, գալիս է մի նոր ղեկավար և սկսում գործել իր տեսլականով: Եվ այսպես մենք կարծես տեղապտույտի մեջ ենք գտնվում»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ հանրային քննարկումներին մասնակցելու են տարբեր ոլորտների մասնագետներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

«Քննարկումների ժամանակ վեր կհանվեն առկա խնդիրները: Կաշխատենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար ևս ընդունելի կլինեն, իսկ արդյունքում կծնվեն այն ծրագրերը, որոնցով հնարավոր կլինի ավելի հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր իրականացնել: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ քննարկումների արդյունքում ստեղծվեն առաջարկներ, որոնք կարող ենք ներկայացնել տվյալ ոլորտի նախարարությանը և փորձենք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշեց նա՝ հավելելով, որ քննարկումները, մեծ հաշվով, իրական խնդիրները վեր հանելուն են ուղղված:

«Այսօր իշխանությունները ոլորտի ղեկավար կադրերի առումով շարունակում են շախմատային փոխատեղումներ կիրառել: Նրանց ընտրության, նշանակման սկզբունքներն ու տրամաբանությունն այդպես էլ անհասկանալի են մնում: Մի ոլորտի ներկայացուցչին մեկ այլ ոլորտ են տեղափոխում՝ այդպես էլ գնահատական չտալով նախորդի աշխատանքին: Այդպես էլ չեն պարզաբանում՝ ի՞նչ էր ցանկանում նախորդը կամ ի՞նչ են ակնկալում նոր ղեկավարից: Ի վերջո, բարեփոխումների արդյունքը պետք է տեսանելի լինի ժողովրդի ապրելակերպի վրա, ինչն այսօր չենք տեսնում»,-ասաց Հ. Հակոբյանը՝ շեշտելով, որ իրենք կփորձեն կյանքի կոչել հանրային քննարկումների ժամանակ հիմնավորված բոլոր ծրագրերը:

Կուսակցության համանախագահը հայտնեց, որ առաջին քննարկումը նախատեսվում է ապրիլին, որը վերաբերելու է գյուղերի և գյուղատնտեսության զարգացմանը:

Ամփոփելով՝ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հանրային քննարկումներն այսօր պահանջված են ԱՀ-ում. «Առաջին հանրային քննարկումը կազմակերպելուց և արձագանքները տեսնելուց հետո մեզ համար էլ ավելի հստակ կլինի, թե մյուս ոլորտների վերաբերյալ քննարկումները ինչպես պետք է կազմակերպել: Լիահույս ենք, որ մեր սկսած գործընթացը պետք է ունենա իր ազդեցությունը և նշանակությունը մեր հանրապետության հետագա զարգացման համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Աղբյուրն` այստեղ