23 Սեպտեմբերի 2019թ. 16:07

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գիտահետազոտական աշխատանքների գիտականությունը որոշելու համար սկզբունքորեն հաշվի են առնվում տվյալ աշխատանքի կառուցվածքը, բովանդակությունը, նյութերի անթերի շարադրանքը, հեղինակի վերլուծական կարողությունները, նորարարական մոտեցումները: Դրանց հետ շաղկապված՝ առանցքային դեր ու նշանակություն ունի նաև գիտական ապարատը, որը ձևավորվում է թեմայից (ուսումնասիրման օբյեկտից) բխող հեղինակ(ներ)ի որոնողական աշխատանքի արդյունքում:

Անհրաժեշտ է նշել, որ գիտական՝ մատենագիտական ապարատը ոչ միայն բազմալեզու աղբյուրների արտացոլում է՝ ցույց տալու գրականության քանակական կազմը, այլև հաղորդակցության աստիճանը՝ բացահայտելու հղումներ կատարելու հեղինակ(ներ)ի մատենագիտական ունակությունները: Սրանք խիստ կարևոր չափանիշներ են ցանկացած հետազոտական աշխատանք կատարող անհատի (անկախ ազգային պատկանելիությունից և մասնագիտական ոլորտից) համար, որոնցով էլ որոշվում է տվյալ աշխատանքի լիարժեքությունը: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Այդ տեսանկյուններից, սակայն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ աշխատանքներում (ավարտական, մագիստրոսական թեզեր, ատենախոսություններ և գիտական այլ հրապարակումներ) կան բազմազան բացթողումներ ու անճշտություններ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից գիտության ու կրթության զարգացման պահանջներին: Հատկապես խոսքը վերաբերում է տպագիր հրատարակություններից (գրքեր, ամսագրեր, թերթեր, ժողովածուներ և այլն) կատարված հղումներին:

Օրինակ՝

  • Գիտահետազոտական աշխատանքներին կից տրվում է գրականության մատենագիտական ցանկ, որոնց մասին ամբողջությամբ (կամ ընդհանրապես) չի խոսվում աշխատանքում, ինչը անընդունելի մոտեցում է՝ չապահովելով տվյալ թեմայի բովանդակության ներքին կապերի օրինաչափությունը:
  • Հեղինակների, գրքերի վերնագրերի և համապատասխան կետադրական նշանների վերաբերյալ գրադարանագիտական-մատենագիտական նկարագրություններում նկատվել են անճշտություններ, սխալ գրանցումներ, այդ թվում՝ գրքերի անուններն առնելով չակերտների մեջ:
  • Բացթողումներ կան գրքերի հրատարակման վայրերի, թվականների, նրանց ընդհանուր էջերը կամ նրանցից օգտված համապատասխան հատվածների էջերը ճշգրիտ չնշելու հարցերում, որոնք կարող են վկայել տեղեկատվական աղբյուրների մասին հետազոտող(ներ)ի անտեղյակության մասին:

Դիտարկումները ցույց են տվել, որ անճշտություններ ու բացթողումներ կան նաև պարբերական հրատարակությունների մատենագիտական նկարագրությունների դեպքերում, որոնք նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում գիտահետազոտական-վերլուծական աշխատանքներում:

Հստակ չեն հոդվածները ամսագրերից, թերթերից ու ժողովածուներից բաժանելու նշանները (ամենուր անհասկանալիորեն դրված են ստորակետներ): Բացի այդ, մատենագիտական նկարագրություններում տեղ են գտել հրատարակչություններից փոխանցված և իրար հակադիր (գուցե և համազոր) «թիվ», «№», «Հ» (համար) նշաններ, որոնցից պետք է ընտրվեր մեկը, դիցուք «№»-ը՝ պահպանելով չափորոշիչների միասնականության կարգը:

Այլապես՝ թե’ հումանիտար, թե’ բնագիտական և թե’ տեխնիկական գիտությունների տեղեկատվական օբյեկտների մատենագիտական արտացոլումները մշտապես կգտնվեն անորոշության մեջ՝ պահանջելով հետադարձ լուծում:

Վիճարկելի են նաև ճյուղային գիտությունների մեջ էլեկտրոնային-տեղեկատվական բազմալեզու աղբյուրներից («էլեկտրոնային փաստաթղթերից») կատարված հղումները, որոնց օբյեկտիվությունը մեծ հաշվով «որոշված չէ»: Հարցը նրանում է, թե արդյոք դրանց արժանահավատությունը համապատասխան գիտական կենտրոնների կողմից կամ մասնագետների համաձայնությամբ են հաստատվել: Որովհետև գաղտնիք չէ նաև, որ «տեղեկատվական ռեսուրսների թվայնացման» գործընթացների գերակշիռ մասը կատարվում է հեղինակային իրավունքների խախտմամբ, որոնցից օգտվող բազմաթիվ ընթերցողներ կարող են կանգնել նոր խնդիրների առաջ:

Այսպիսով, արդի կրթության, գիտության ու մշակույթի զարգացումներում գիտահետազոտական աշխատանքների կատարումներն ունեն տեսամեթոդական, կիրառական և ռազմավարական կարևոր նշանակություն:

Հետևաբար, գիտակրթական հաստատություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման արդյունավետությունը, մեր կարծիքով, կապված է ոչ միայն տեղեկատվական համապատասխան գիտելիքների տիրապետումից, այլև՝ մատենագիտության պարտադիր ուսուցումից:

Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր

Աղբյուրն՝ այստեղ