23 Սեպտեմբերի 2019թ. 15:17

Պետական պարտքի քաղաքականությունը կառավարության ընդհանուր օրակարգում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակության է, և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: b4b.am-ի հաղորդմամբ` Փաշինյանն այդ մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը:

«Մենք ունենք և ԵՄ-ին ներկայացրել ենք 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է անվանել մեգա նախագիծ: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց նրանք շատ տրամաբանական բան են ասում: Նրանք ասում են, որ մենք էլ պետք է գումար ներդնենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ մի միջազգային կազմակերպություն 100 տոկոսով ֆինանսավորի ծրագիրը: Եվ մեր պետական պարտքի քաղաքականությունը մեր ընդհանուր օրակարգում կա»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով` պետք է մյուս կողմից ստվերի դեմ ակտիվ պայքար տանել: Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում մինչ 50-60 տոկոս ստվեր կա: «Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը կմեծանա և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը կիջնի: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի: Մենք պետք է մտածենք` մենք պատրաստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել տասը տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,-նկատեց Փաշինյանը:

Նրա խոսքով` սա հարց է, որը պետք է միասին քննարկել ու որոշում կայացնել: Վարչապետը պարտքի շեմի բարձրացումը համարեց ռազմավարական նշանակության, այլ ոչ թե կուսակցական կամ կառավարության հարց: Հայաստանի պետական պարտքի ընդհանուր գումարը, որը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ չպետք է գերազանցի երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60%-ը:

Աղբյուրն՝ այստեղ