23 Սեպտեմբերի 2019թ. 14:57

2016 թվականի ապրիլի 2-ին…

Երեք տարի առաջ այս օրը՝  ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով`  կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց  Քառօրյա պատերազմ կամ  Ապրիլյան պատերազմ։ Այս մասին գրում է panorama.am-ը:

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ընդհանուր առմամբ, ապրիլի առաջին օրվա գիշերն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսում են իրենց գործողություններն ավելի քան 35 ուղղությամբ: Որոշ խմբերի անմիջապես սկզբից հաջողվում է ներթափանցել ու դարանակալել հայկական ստորաբաժանումների և բնակավայրերի ենթակառուցվածքների մոտ:

Ռազմական գործողությունները սկսվում են գիշերը ժամը 03:00-ին: Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնում են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ ուժերը առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈւ 1 միավոր ուղղաթիռ:

Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվում է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։ 12:30-ի մոտակայքում ՊԲ հակաօդային պաշտպանությունը հարավարևելյան ուղղությամբ խոցում է ևս մեկ միավոր ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու միավոր ԱԹՍ:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակում է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվում շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառում է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի հրետանավորները շարքից հանում են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցում  են մեկ հարվածային ԱԹՍ։

Այդ օրը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, զոհվում է 5 մարդ, այդ թվում երկու գյուղապետ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվում է հրադադար, դադարեցվում են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։

Վիեննայում հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:

Կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռքբերման պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր նաև 24 տանկ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք[11]: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական զինվածությունն այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով, այն էլ՝ արհեստավարժ զորքերի կիրառման դեպքում:

Աղբյուրն` այստեղ