Մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողովը

«Կամար» բիզնես կենտրոնում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողովը՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:

Տնտեսական գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտակարգ եւ լիզազոր դեսպան, ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Ներկա են եղել նաև ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության, միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները:

«Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում»,- ասել է փոխվարչապետը:

Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:

Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:

Գիտաժողովի շրջանակում դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիե Սորնետը: Տեսակապով գիտաժողովին կմիանա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոսթոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ:

Միջազգային տնտեսական գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջազգային տնտեսական համաժողովի գործընկերն է Ամերիաբանկը:

Աղբյուրը՝ B4B.am