2013 թվականի գարունն էր:
Պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանն աշխատում էր միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի պորտրետի վրա: Այդ օրերին ես հաճախ էի լինում նրա արվեստանոցում:
Շատ էինք զրուցում հոգևոր արժեքների մասին: Կտավների մեջ միշտ ուզում էր հնարավորինս շատ տեղեկատվություն տեղադրել Հայաստանի մասին: Վահանյանի պորտրետը մշակելիս, ետնապատկերի համար մի քանի տարբերակներ ուներ: Չէր կարողանում կողմնորոշվել, թե դրանցից որն ընտրի: Նրան առաջարկեցի իմ տարբերակը, ասացի՝
-Գուցե՞ Շուշիի բերդը դրվի…
Մտածեց մի պահ, ու միանգամից պայծառացավ դեմքը, ասաց՝
-Գիտե՞ս, փայլուն միտք է. Շուշիի ազատագրումը շրջադարձային է մեր ժողովրդի պատմության մեջ: Մի սպիտակ նժույգ կդնեմ նաև: Խորհրդանշական կլինի երկու առումով էլ, Վահանյանի սիրած ֆիգուրն է…
Ի՞նչ իմանայի այն ժամանակ, որ ամենամոտ ապագայում ինձ վիճակված է լինելու աշխատանքի անցնել հենց Շուշիում:
Ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն, իմանալով Վահանյանի պորտրետի ստեղծման մասին, մեծ խանդավառությամբ որոշեցին բեմադրել աշխարհահռչակ գրոսմայստերին նվիրված “Միայնակ թագավորի մասին” հեքիաթը:
Պիտի ասեմ, որ նրանք դա արեցին վարպետությամբ:
Այստեղ մեծ էր նաև տաղանդաշատ ուսուցչուհի Նանա Թաիրյանի դերը, ում կողմից իրականացվեց բեմադրության ռեժիսուրան: Ցավոք, նա այլևս մեր դպրոցում չի աշխատում: Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է:
2013 թվականի եռատոնին ամեն ինչ պատրաստ էր:
Երեխաները մեծ ուրախություն պարգևեցին մեզ բոլորիս, և առաջին հերթին մեր ժողովրդի երկու տաղանդավոր զավակներին՝ Ռաֆայել Վահանյանին և Ալբերտ Սոխիկյանին:
Վեց տարի է անցել: Ալբերտ Սոխիկյանի կորուստը ճարտարապետաշինարարականի համար ծանր հարված էր: Այդ դասագրքերում են գրում, որ անփոխարինելի մարդիկ չկան:
Իրականում այդպես չէ: Իմ խորին համոզմամբ, անհատներն են կերտում ապագան: Եվ ճարտարապետաշինարարական համալսարնի ապագան կերտողներից մեկը՝ Ալբերտ Սոխիկյանն էր:
Քանի որ անփոխարինելի մարդիկ չկան, Սոխիկյանին փոխարինեցին ուրիշներով: Սակայն ապագայում համալսարանն արդեն կունենա բոլորովին այլ պատմություն՝ ԱՌԱՆՑ ՍՈԽԻԿՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ …
Հովհաննես Թոքմաջյան
2006-2014 թթ. Երևանի ճարտարապետաշինարարական
համալսարանի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր