13 Դեկտեմբերի 2019թ. 6:03

Գագիկ Մակարյան. Ներդրումների վերաբերյալ օրենքը պետք է վերանայվի

«Ներդրումների ծավալները դեռ շատ չեն և բավարար չեն: Ներդրողները սպասում են տնտեսական գործընթացների կայունացման, ուզում են համոզվել, որ Հայաստանը

գնում է այն ճանապարհով, որ հայտարարվել է: Իմ կարծիքով՝ ներդրողներին կարելի է մի քիչ ավելի խթանել, հատկապես՝ սփյուռքահայերին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդամենը 4.5 մլն դոլար աճին:

Ըստ նրա՝ վերջին ներդրողների խումբը, որ հանդիպել է վարչապետի հետ, սփյուռքահայեր են, որոնք շփվել էին նաև ՀՀ նախկին ղեկավարության հետ և տարբերությունները նկատում են, նոր հնարավորություններ են տեսնում, որ կարող են ներդրումները խթանել.

«Շատ կարևոր է, որ ներդրումների վերաբերյալ օրենքը, որ 25 տարվա պատմություն ունի, 1994թ. է ընդունվել, Հայաստանի այսօրվա բոլոր մարտահրավերներին չի բավարարում: Այն պետք է ֆունդամենտալ վերանայվի կամ զրոյից գրվի, ներդրողների համար պետք է երաշխիքներ ստեղծվեն, գուցե նաև իմաստ ունի ներդրողների հատուկ ռեեստր բացել, սահմանել, թե ով է համարվում ներդրող: Եվ այդ ռեեստրում գրանցվող ներդրողն ունենա կարգավիճակ, այսինքն՝ պասպորտիզացիա է արվում, և ինքը շատ արագ որակյալ ծառայություն ստանա: Պետական համակարգում չենք նկատում ոգևորություն, թե ինչու պետք է նրանց լավ սպասարկել, ներդրումների խոշոր չափերը վախեցնում են միջին չինովնիկներին, լրացուցիչ աշխատանք անելու պարտադրանք է դիտվում»:

Գ.Մակարյանի խոսքով՝ պետք է ուղեկցել ներդրողներին, բոլոր անհրաժեշտ պետական մարմինների հետ հանդիպումներ կազմակերպել, աջակցել, որ խոսակցությունները ճիշտ ընթանան, և ներդրողները գոհ հեռանան: Նա օրինակ բերեց իրենց կազմակերպության աշխատանքը, որ ներդրողների խումբը, որ եկել էր 750 մլն դոլարանոց փաթեթով, հեռանալիս նրանց կողմից նախատեսվող ներդրումների ծավալն ավելացել է և դարձել 900 մլն դոլար, որի շրջանակներում ծրագրվում է նոր թաղամասի կառուցում, էներգետիկ ոլորտում և արտահանման հետ կապված նախագծերի իրականացում: Այսինքն, ինչպես հավելեց Գ.Մակարյանը, եթե ներդրողները ճիշտ մարդկանց ձեռքում չեն հայտնվում, կարող են հիասթափվել և հեռանալ:

«Ներդրողներին գրավելու համար պետք է ապահովել թափանցիկություն, գործարար միջավայրը բարելավվի, հարկային օրենսդրությունը հաճախակի չփոխվի, որովհետև ներդրողներին այդքան հարկային մեծությունները չեն անհանգստացնում, որքան օրենքների հաճախ փոփոխությունները: Հեշտ հաղթահարելի խնդիրներ կան, որ նախկինում չեն արվել, օրինակ՝ ներդրողներին թույլ տալ օրենքով չարգելված ցանկացած ճյուղում կատարել ներդրումներ, պրոտեկցիոնիստական վերաբերմունք չպետք է լինի տեղական արտադրողի և արտերկրյա ներդրողների միջև:

Նաև բիզնեսի համար բոլոր լավ հողերը մասնավորեցված են՝ հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, և հիմա ստիպված երկրորդ ձեռքից պետք է առնես, բնակաբար՝ ավելի թանկ: Պետությունը պետք է ուշադիր լինի, թե ինչ է վաճառվում, կամ ինչն է քարտեզագրում: Պետությունն ունի իր շահը, թե որտեղ է ուզում ներդրում կատարվի, պետք է քարտեզագրում ունենա, «յուղոտ պատառները» պահի և առաջարկի ներդրողներին:

Մտավոր և արդյունաբերական սեփականությունը նույնպես լավ պահպանված չէ մեր երկրում, մի տառ փոխելով, գույն փոխելով՝ փորձում են տարիների ջանքերը յուրացնել: Արբիտրաժային ինստիտուտը չի գործում, տեղական դատարանները դեռևս կոռումպացված են, կամ պրոֆեսիոնալ չեն գործում, և ներդրողը կա՛մ պետք է թողնի հեռանա, կա՛մ միջազգային արբիտրաժ դիմի, որը թանկ պրոցես է: Սակայն ամենակարևորներից մեկը պետական ապարատի աշխատանքն է, որ պետք է կարգավորվի, որպեսզի գործընթացները չձգձգվեն: Մենք այդ հարցում «վարպետ» երկիր ենք»,- ասաց Գ.Մակարյանը:

Գայանե Խաչատրյան

Աղբյուրն՝ այստեղ