Գալիլեյ. Կյանքի և մահվան խաչմերուկում

Գալիլեո Գալիլեյը համարվում է «գիտության տառապյալ», ինչպես և Ջորդանո Բրունոն, որին այրել են խարույկի վրա: Ընդ որում, ինկվիզիցիայի կողմից նրան դատելու ժամանակ, երբ պահանջում էին հրաժարվել կոպեռնիկյան հելիոցենտրիզմի տեսությունից՝ հօգուտ այն ժամանակ ընդունված Արիստոտել-Պտոլոմեյան տեսության (մի դեպքում Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, իսկ մյուս դեպքում Արեգակն է պտտվում Երկրի շուրջ), նա արտաբերել է իր թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Այնուամենայնիվ, այն (Երկիրը) պտտվում է»:

Իրականում այդպես չէ: Այս մասին գրում է past.am-ը:

Ի՞նչ տառապյալ լինելու մասին կարող է խոսք լինել, եթե Գալիլեյը սուրբ ինկվիզիցիայի բանտում անցկացրել է ընդամենը 18 օր, այն էլ՝ ոչ թե մենախցում, այլ ծառայողական սենյակներից մեկում, ընդ որում, ըստ փաստաթղթերի, նրա նկատմամբ տանջանքներ չեն իրականացվել, այլ եղել են ընդամենը դրանք կիրառելու սպառնալիքներ:

1633 թվականին՝ Հռոմում Գալիլեյի նկատմամբ ինկվիզիցիայի հանրահայտ հետաքննության և դատավարության ժամանակ, երբ Գալիլեյը ստիպված էր հրաժարվել իր ուսմունքներից, նա ապրել է Վատիկանում գտնվող դեպի այգի բացվող տեսարանով երեք սենյականոց բնակարանում և ունեցել է անգամ սպասարկող անձնակազմ:

Նա արդյունքում հրաժարվել է հելիոցենտրիկ տեսությունից, սակայն իրականում առանց ինկվիզիցիայի ճնշման՝ թերևս միայն վերհիշելով Ջորդանո Բրունոյի ճակատագիրը:

Գործընթացի ավարտից հետո Գալիլեո Գալիլեյին ամենևին էլ չեն աքսորել կամ բանտախուց նետել, ինչպես ներկայումս հաճախ են գրում այդ մասին: Սկզբում նա ապրում էր Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի առանձնատանը (որտեղ, որպես ապաշխարություն, դատարանի որոշմամբ, օրական երկու անգամ կարդում էր թողության յոթ սաղմոսները): Դրանից հետո նա մի քանի տարի ապրել է Տոսկանայի Մեծ թագավորի մոտ, այնուհետև արքեպիսկոպոս Սիենայի մոտ, իսկ կյանքի վերջին տարիները անցկացրել է Ֆլորենսիայի մոտ գտնվող Արցետրի փոքրիկ գյուղում:

Այս ամբողջ ընթացքում նա հանգիստ զբաղվում էր իր գիտական աշխատանքներով (օրինակ՝ այդ ժամանակ գրել է աշխատություն, որը երկար ժամանակով կանխորոշեց ֆիզիկայի զարգացման ուղղությունը) և միաժամանակ պարբերաբար ուղերձներ է հղել Հռոմի պապին` հերքելով իրեն վերագրվող անհավատությունը:

Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Գալիլեո Գալիլեյի ամենավատ թշնամիները ոչ թե հոգևորականներն էին (Գալիլեոն գերազանց հարաբերություններ ուներ կաթոլիկ եկեղեցու շատ հայտնի դեմքերի, օրինակ՝ Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի հետ), ինչպես կարծում են շատերը, այլ իր համալսարանական գործընկեր դասախոսները: Պահպանողական գիտական համայնքը չէր կարող հավատալ, որ, օրինակ՝ Յուպիտերը արբանյակներ ունի, իսկ արևի վրա բծեր կան («Ինչ բծեր, Արիստոտելը այդ մասին ոչինչ չի ասել …»): Իսկ Գալիլեյի առաջարկը նրանց՝ նայել աստղադիտակով, չէր ընդունվում, քանզի պրոֆեսորները վայրի բնության փորձերն ու դիտումները համարում էին ժամանակի ավելորդ վատնում:

Հետաքրքիր է, որ ճիզվիտները, որոնց ցուցմունքով էլ հենց գործ էր հարուցվել Գալիլեյի նկատմամբ, բանավեճերից մեկի ժամանակ, ի տարբերություն համալսարանական դասախոսների, համաձայնել են աստղադիտակի օգնությամբ դիտել Յուպիտեր մոլորակը:

Ինչ վերաբերում է Գալիլեո Գալիլեյի մասին ամենատարածված սխալ պատկերացումներից մեկին, որ նա 1633 թվականին ինկվիզիցիայի դատի ժամանակ ասել է, թե «այնուամենայնիվ, այն պտտվում է» (իտալերեն՝ E pur si muove! ), ապա այն առաջին անգամ հնչել է միայն ժողովրդական բանահյուսությունում, իսկ գրի է առնվել 1757 թվականին իտալացի լրագրող Ջուզեպպե Բարետտիի «The Italian Library» գրքում:

Արդյունքում այս առասպելը առավել հանրահայտ դարձրեց 1761 թվականին Փարիզում լույս տեսած Querelles Litteraires գիրքը («Գրական նոթեր»), որտեղ կային նաև Բարետտիի գրքից թարգմանություններ: Նշենք, որ այս ամենը, այնուամենայնիվ, բոլորովին չի նշանակում, որ մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը ամբողջովին հրաժարվել և չէր ընդունում հելիոցենտրիկ տեսությունը:

Աղբյուրն՝ այստեղ