18 Հոկտեմբերի 2019թ. 10:12

Հրանտ Բագրատյանը դեղերի թանկացման պատճառներից մեկի մասին

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ԿԲ-ի կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել է դեղերի թանկացման։

«Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։

Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն։

Այսպես, օրինակ, կարևորագույն ստարտափ է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ Մինչև հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։

Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն և դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին։ Գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, և այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վսհտահելի չեն։ Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության։

Այսպես, Յանումետ դեղամիջոցը Երևանում արժե 52 դոլար, իսկ Կիևում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 և 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար և 4 դոլար, ճնշում չափող կասաավտոմատ սարքը՝ 56 դոլար և 16 դոլար։ Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է և կարելի է լուծել 6 ամսում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Աղբյուրն՝ այստեղ