18 Հոկտեմբերի 2019թ. 9:53

Սերոբ Խաչատրյան. Կրթության հետհեղափոխական զարգացումները

Այս օրերին շատ կարևոր է հասկանալ, թե ինչ վիճակում է հետհեղափոխական Հայաստանի կրթական համակարգը, վերանալով՝ ինչպես էյֆորիայից, այնպես էլ հոռետեսությունից։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ հեղափոխությունը Հայաստանի կրթական համակարգի վրա։

Շոշափելի փոփոխություններից մեկը կապված է կրթական համակարգի կուսակցականացման հետ։ Նոր իշխանությունները հայտարարեցին, որ կրթական համակարգի աշխատողներն այլևս ձայներ բերելու կամ կուսակցական դառնալու պարտավորություն չունեն։ Իհարկե, սա դրական զարգացում էր, քանի որ Հայաստանի դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը և ուսուցիչների զգալի մասը դարձել էին Հանրապետական կուսակցության անդամ։ Նախկին իշխանությունների օրոք նրանք հայտարարում էին, որ գաղափարական մղումներով են դարձել հանրապետական։ Բայց հեղափոխությունից հետո պարզվեց, որ այդպես չէ, և շատերը լքեցին իշխանությունը կորցրած կուսակցության «նավը»։

Այդուհանդերձ, հասկանալի է, որ պարզապես ընտրական գործընթացներին չմասնակցելը կրթական համակարգն ինքնին լավը չի դարձնում։ Ստեղծվում է մի իրավիճակ, որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է «նեգատիվ ազատություն»։

Հայտնի փիլիսոփա Նիցշեն ժամանակին ասել է, որ կա երկու տեսակի ազատություն՝ ազատություն ինչ-որ բանից (նեգատիվ ազատություն) և ազատություն ինչ-որ բանի համար (պոզիտիվ ազատություն)։ Հեղափոխությունից հետո դպրոցներն ազատվեցին կուսակցականացումից։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ազատության արդյունքում վիճակը լավացավ։ Մեր կրթական համակարգը տարիներ շարունակ աշխատել է բրգաձև համակարգով:

Շատ դեպքերում դպրոցները բոլոր կադրային հարցերը ճշտում էին վերևների հետ։ Տնօրենների ընտրությունում հաղթող թեկնածուները որոշվում էին վերևից։ Մի խոսքով, համակարգը սովոր էր աշխատել մի ռեժիմով, երբ վերևներն ասում են, իսկ ներքևները՝ կատարում։ Հիմա, երբ վերևները չեն ասում, ներքևների վիճակը դառնում է անորոշ և սպասողական։ Այն կանխավարկածը, որ, եթե վերևները չեն թելադրում, ապա ներքևները սկսում են զարգացնել համակարգը, նախաձեռնող դառնալ, հիմնավոր չէ։

Այս իրավիճակում շատ կարևոր է, որ նախարարությունը հստակ ու բաց սահմանի իր ակնկալիքները դպրոցներից, տնօրեններից, ուսուցիչներից։ Ընդ որում, այս հարցում շատ կարևոր է, որ դա արվի առանց տևական քննարկումների։ Եթե նախարարության ղեկավար թիմը ստանձնել է պատասխանատվություն համակարգը զարգացնելու հարցում, ապա մասնագիտական լեզվով պետք է ձևակերպի իր ակնկալիքը կրթության համակարգից։

Օրինակ՝ նախարարությունը կարող է հայտարարել, որ խրախուսվում են այն դպրոցները, որոնք հանդես են գալիս ստեղծագործական նախաձեռնություններով, նորարարական առաջարկություններով, ուսանելի փորձով։ Սրանով նախարարությունն ուղերձ կհղի դպրոցների ներկա և ապագա տնօրեններին, որ համակարգում մրցունակ են լինելու այն մարդիկ, ովքեր կարողանալու են նման ոճով աշխատել։ Իհարկե, նախարարությունը միայն այսքանով չպետք է բավարարվի։ Տնօրենների հավաստագրման, ընտրության, աշխատանքի գնահատման գործընթացում պետք է ստեղծագործական մոտեցումները հաշվի առնվեն ու խրախուսվեն։

Ցավոք, կան տնօրեններ, ովքեր ոչինչ չեն նախաձեռնում, ապահովում են միայն դասապրոցեսի նորմալ ընթացքը, պահպանում են հարաբերությունները ծնողների և ուսուցիչների հետ, որոնց շնորհիվ հանգիստ վերընտրվում են։ Այս իրավիճակը բեկելու համար խաղի կանոնների փոփոխություն է պետք։ Դպրոցը կամ բուհը չեն կարող լինել պարզապես դաս, հանդես և քննություն անցկացնելու վայր։ Պետք է գտնել և խրախուսել այն տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր, բացի այդ ամենից, նաև պրպտում են, նոր բաներ փորձարկում։ Իսկ այդպիսի տնօրեններ և ուսուցիչներ կան։ Նրանց կարելի է նկատել տարբեր քննարկումների, սեմինարների ժամանակ։ Նրանց մի մասն էլ տեղում, գլուխը կախ՝ իր գործն է անում։

Ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանում առկա է ղեկավարների աչքին չերևալու համար ոչինչ չանելու գործելակերպը։ Շատ ղեկավարներ աշխատում են ոչինչ չանել, որպեսզի բողոքներ չգնան, և ստուգումների թիրախ չդառնան։ Այսինքն՝ համակարգում սպասողական ու զգուշավոր վիճակ է։ Մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու. արդյո՞ք իրենք մնալու են իրենց պաշտոնին, ի՞նչ է մտածում նոր վերադասն իրենց մասին, ի՞նչ քայլեր է ծրագրում։

Հայաստանի նման երկրի համար սպասողական վիճակն ընդունելի չէ, քանի որ մենք արդեն բավական խնդիրներ ենք կուտակել, որոնք լուծելու համար անհրաժեշտ է ոչ միայն հայեցակարգեր ու փաստաթղթեր մշակել, այլև ուղիղ աշխատել համակարգի միջին ղեկավար կազմի հետ։ Որքան էլ ծրագրեր մշակելը կարևոր է, մարդկանց հետ աշխատելը, նրանց ոգևորելը, նրանց արժեքավոր առաջարկները լսելը մնում են կառավարման լավագույն գործիքները։

Հեղափոխությունը քանդեց նախկինում ձևավորված շատ բաներ։ Ներկայումս հարուցված են բազմաթիվ քրեական գործեր ուսումնական հաստատությունների պատասխանատուների հանդեպ։ Մայիսի վերջին դպրոցներին սպասվում է 9-րդ դասարանի Հայոց լեզու առարկայի միասնական քննության փորձությունը։ Այս ամենը որոշակի վախվորածության մթնոլորտ են ստեղծում։ Բայց անհրաժեշտ է քանդվածը կամ մերժվածը փոխարինել ավելի արդյունավետ լուծումներով, ձևավորել կառուցողական մթնոլորտ։ Նախարարությունը պետք է կարողանա հուսալի կամուրջ կառուցել ուսումնական հաստատությունների հետ։

Հեղափոխությունների բովով անցած երկրների փորձը ցույց է տալիս, որ հեղափոխությունից հետո անխուսափելիորեն առաջացող դատարկությունն ու անորոշությունը պետք է լցվեն նոր մոտեցումներով։ Այլապես իներցիայի ուժով հին գործելակերպը կարող է նորից կենսունակ դառնալ։

Հիշում եմ մի ուսուցչի, ով ինտերակտիվ ուսուցման մոտեցումները մի քանի անգամ փորձարկելուց հետո եկել էր այն եզրակացության, որ «այս երեխաներին պետք է բռի մեջ պահես ու ոչ մի ազատություն չտաս»։ Եթե նախաձեռնող, ստեղծագործող տնօրեններին և ուսուցիչներին չխրախուսենք, չներառենք փոփոխությունների գործընթացում, ապա պոզիտիվ ազատության հասնելու փոխարեն՝ կարող ենք հետ գլորվել դեպի ազատության սահմանափակում։

Աղբյուրն` այստեղ