Անահիտ Բանուչյան. Վուդրո Վիլսոնի երկրորդ եվրոպական գարունը եւ հայկական երազանքը

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ գոյություն ունի պատմական երախտագիտություն ԱՄՆ 28—րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856—1924 թթ.) հանդեպ։ Նրա արձանները կանգնեցվել են Պրահայում (Չեխոսլովակիա) եւ Պոզնանում (Լեհաստան)՝ 1928 թվականին (երկու արձանն էլ քանդվել են գերմանացի ֆաշիստների կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Պոզնանում հուշարձանը վերականգնվել է 1995 թ., իսկ Պրահայում՝ 2011—ին։

Եվրոպայում տեղադրված ամերիկյան նախագահի վերոնշյալ հուշարձաններից մեկը Պոզնանի Վուդրո Վիլսոնի անվան զբոսայգում է։ Առաջին նախագիծը մշակվել է դանիացի ներգաղթյալների որդու՝ Գուտզոն Բորջլամի կողմից, ով Հարավային Դակոտա նահանգում, Ռաշմոր լեռան վրա հեղինակել էր ամերիկյան նախագահների պաշտամունքային հուշահամալիրը։ Հուշարձանի համար հայտարարվել էր մրցույթ, իսկ բացմանը 1928 թ. ներկա են եղել քաղաքի ղեկավարությունը եւ Վուդրո Վիլսոնի այրին՝ Էդիթը։
Արդեն չորս տարի էր, որ ամուսինը հեռացել էր կյանքից։ Նրանց սիրո պատմությունը հիացրել էր ժամանակակիցներին։ Էդիթ Բոլլինգ Գալտը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինն էր եւ ԱՄՆ առաջին տիկինը 1915— 1921 թվականներին։

Էդիթը ստացել էր «գաղտնի նախագահ» մականունը, քանի որ 1919 թ. ամուսնու կաթվածից հետո փաստացի ինքն էր ղեկավարում երկիրը։

1921թ. Վիլսոնի հրաժարականից հետո, Էդիթն ամուսնու հետ բնակություն հաստատեց Վաշինգթոնի Հյուպատոսական թաղամասում։ Ինքը՝ «Առաջին տիկին ԱՄՆ նախագահը» վախճանվել է 1961թ. դեկտեմբերի 28—ին, Վուդրո Վիլսոնի 105— ամյակի օրը։ Նրան հուղարկավորել են ամուսնու կողքը՝ Վաշինգթոնի Մայր տաճարում։

Ցավոք, Վիլսոնի առաջին եվրոպական հուշարձանները քանդվեցին գերմանական օկուպացիայի տարիներին։

Այսպիսով ֆաշիստները վրեժխնդիր եղան քաղաքական գործչից, որը փոխհատուցել էր Պրուսիայի կողմից 1871թ. Ֆրանսիային պատճառված վնասը Էլզաս Լոթարինգիայի նկատմամբ։

Եվրոպան տենչում էր երկար սպասված խաղաղության, սակայն այն եկավ ոչ լիաթոք։

1963 թվականին Պոզնանում, Վիլսոնի արձանի վայրում տեղադրվեց լեհ հեղափոխական Մարցին Կասպշակի հուշարձանը, որը 1995 թվականին տեղափոխեցին նրա հայրենի Չոլովո գյուղ։ Իսկ հին վայրում կրկին հառնեց Վուդրո Վիլսոնի արձանը լեհ ճարտարապետ Զոֆի Տշիչինսկի—Կամինսկու պահպանված նախագծով. նա այս նախագիծը դեռեւս XX դարի 20—ական թվականներին էր ներկայացրել մրցույթի, բայց այն ժամանակ հաղթել էր Գուտզոն Բորջլամի նախագիծը։ Հետաքրքիր է, որ Գուտզոնն այդ ժամանակ հետաձգել է Ռաշմոր լեռան վրա նախատեսվող մեծ նախագիծը եւ ձեռնամուխ եղել Լեհաստանում Վիլսոնի արձանի նախագծմանը։ Հավանաբար ԱՄՆ նախագահների արձանների նախագծումն ու իրականացումը նրա թուլությունն էր, եւ չէր կարողանում ոչ մեկի հետ կիսել ցանկացած նման հնարավորություն։

Պրահայի այն փողոցը, որտեղ տեղադրված է Ալբինա Պոլաշիկի հեղինակած եղբայրության հուշարձանը, կոչվում է Վիլսոնյան։ 1919 թ.—ից մինչեւ 1940թ., եւ 1945—ից 1953 թվականը երկաթուղային կայարանն էլ է կոչվել Վիլսոնի անունով։ Այսօր էլ կոչվում է «Գլխավոր կայարան նախագահ Վիլսոնի կայարան»։ Հատկանշական է, որ Վիլսոնի բրոնզաձույլ հուշարձանի վերատեղադրման գաղափարը, որը ֆաշիստները ձուլել էին, նախաձեռնվել էր ոչ թե «վերեւից», այլ իսկական համաժողովրդական գաղափար էր։

2008 թվականին չեխերը եւ Տեխաս նահանգի Հյուսթոնի չեխ ներգաղթյալները դրամահավաք կազմակերպեցին։ Նախագծին աջակցեցին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ մեծը, ծագումով չեխ երկու տիեզերագնացներ՝ Ջին Չերնանը (վերջին մարդը, որը քայլել է Լուսնի մակերեսին), եւ «Apollo 13» տիեզերանավի օդաչու Ջեյմս Լովելը։

Հուշարձանի կառուցվածքի մեջ Պոլաշիկը Վերսալյան կոնֆերանսում կանգնած Վիլսոնի կողքին տեղադրել է արծիվ, որի գլխին տեղադրված է թագ՝ Բոհեմայի խորհրդանիշ թռչունը, որը կտուցով բռնել էր Վիլսոնի թիկնոցը։ Այստեղ դեր է խաղացել նաեւ այն, որ նախագահը իր խաղաղարար ջանքերի համար 1919 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

Հնարավոր է արծվի կերպարով Պոլաշիկն արտահայտել է նաեւ սերը իր փոքր հայրենիքի նկատմամբ. Մորավիայի զինանշանում պատկերված է կարմրասպիտակ արծիվ կապույտ դաշտում։
Հուշարձանը հանդիսավորությամբ վերաբացվեց 2011 թվականին։

Եվրոպացիների հսկայական սերն ու հարգանքը Վիլսոնը վայելեց Վերսալյան 1919 թ. խաղաղարար կոնֆերանսում ունեցած քաղաքական ելույթից հետո, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ ԱՄՆ նախագահը հանդես եկավ Ռուսաստանի եւ Ավստրո Հունգարիայի «մասնիկների» անկախության օգտին, որոնք պետք է կրկին ձեռք բերեին պետականություն։

Այսպիսով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Լեհաստան պետությունը, Չեխոսլովակիան, ազատագրվեցին Բելգիան, Ռումինիան, Սերբիան, Չեռնոգորիան, ճշտվեցին Իտալիայի սահմանները, նախկին Ավստրո Հունգարիայի ժողովուրդները ստացան ինքնակազմակերպման ամենալայն հնարավորությունները։

Վիլսոնի ելույթի տասներկուերորդ կետում (ընդհանուր առմամբ դրանք 14—ն էին) ներառված էին պահանջներ, ըստ որոնց թուրքերի իշխանության ներքո գտնվող ազգությունները պետք է ստանան գոյատեւման աներկբա երաշխիքներ եւ ինքնավար զարգացման բացարձակ անքակտելի պայմաններ։ Հատկապես այս կետն էր հույսեր արթնացնում հայկական մեծ երազանքի իրականացման համար։

Այս հարցում մեծ դեր է խաղացել նախագահ Վիլսոնի ունեցած տեղեկատվությունը օսմանների վայրագությունների մասին տերության ոչ մուսուլման հպատակների նկատմամբ, որը նա ստանում էր հուսալի աղբյուրից՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ իր մտերիմ ընկեր Հենրի Մորգենթաուից։

Տարիներ ի վեր բարերար, հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար, Սեւծովյան Կասպյան տարածաշրջանի սոցիալ–քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Վարդգես Արծրունին աջակցում է Հայաստանի պատմությանը, Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Ցեղասպանության աղետալի հումանիտար հետեւանքներին նվիրված գրքերի հրատարակություններին։
Վարդգես Բագրատի Արծրունին գտնում է, որ ժամանակն է, որպեսզի Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրվի նաեւ Երեւանում։ Չէ՞ որ 100 տարի առաջ ԱՄՆ 28—րդ նախագահի ջանքերով Հայաստանը ինչպես երբեք մոտ էր իր պատմական սահմանները վերականգնելուն։

Վարդգես Արծրունին (նրա նախնիները փախել են Կարսից 1914 թվականին, ռուս կազակների հետ, ովքեր գիտեին մոտալուտ կոտորածների մասին) նշում է, որ Հայաստանի համար Վուդրո Վիլսոնի ջանքերի պսակը 1920 թվականի օգոստոսի 10—ին կնքված Սեւրի (Ֆրանսիա) խաղաղության պայմանագիրն էր հաղթող երկրների եւ Օսմանյան կայսրության միջեւ։ Դրանով մասնավորապես Թուրքիան Հայաստանը ճանաչում էր «ազատ եւ անկախ պետություն»։

Թուրքիան եւ Հայաստանը համաձայնել էին ենթարկվել ԱՄՆ նախագահի՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթների սահմանների արբիտրաժային որոշմանը եւ ընդունել նրա պայմանը Հայաստանի սեւծովյան ելք ունենալու վերաբերյալ, ինչը մինչ օրս ամենակարեւոր խնդիրն է երկրի տնտեսական լիարժեք զարգացման հնարավորության համար, հատկապես Թուրքայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում։ Այո, նախագիծը չիրականացավ, բայց դեպի «Արարատ» հայեցակարգը հիմնարարներից է Հայկական հարցում։

Սեւրի դաշնագրի 100—ամյակի նախաշեմին քանդակագործ Անդրեյ Մելյուխովի արվեստանոցում ձուլված Վիլսոնի հուշարձանի տեղադրումը Երեւանում առանձնահատւկ արժեք կարող է ստանալ։ Հատկապես որ այդ հոբելյանին հետեւելու են եւս երկու կարեւորները, երբ ողջ հայկական աշխարհը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը 2021 թվականին կրկին պետք է քննարկեն Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի արդյունքները։

Անահիտ Բանուչյան