Սերոբ Խաչատրյան. Մարդկանց ասում ենք՝ աշխատեք, սովորելը կարևոր չէ

Պետական մակարդակով խրախուսվում է ուսմանը զուգահեռ աշխատելը․ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 22 տարեկանում երիտասարդը պետք է տիրապետի երեք լեզվի և ունենա 3 տարվա աշխատանքային փորձ։

Իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության կողմից խորհրդարան կներկայացվի մի նախագիծ, որը հնարավորություն կտա աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկն ուղղել ուսման վարձի փոխհատուցմանը։

Կրթության ոլորտի մասնագետները, սակայն, նշում են, որ որևէ քայլ անելուց առաջ պետք է «յոթ չափել և մեկ կտրել», որովհետև առաջին հայացքից դրական թվացող ամեն նախաձեռնություն չէ, որ կրթության ոլորտում դրական արդյունք կունենա։

Կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ բակալավրիատում սովորելու ընթացքում աշխատանքը միանշանակ խաչընդոտում է կրթության արդյունավետությանը։

Նրա խոսքով՝ այո, բակալավրիատի շրջանավարտը կարող է ունենալ երեք տարվա աշխատանքային փորձ, բայց նա ամենայն հավանականությամբ չի լինի մասնագետ, քանի որ սովորելու փոխարեն աշխատել է, բնականաբար, ոչ իր մասնագիտությամբ։

«Նույն կառավարությունը բողոքում է, որ բարձրագույն կրթություն ունեցողը լավ մասնագետ չէ։ Բայց ո՞նց կարող է լավ մասնագետ լինել, եթե մարդը դասի չի գնացել, այլ աշխատել է»,-ասում է նա՝ հիշեցնելով, որ հայաստանյան համալսարանները չունեն ճկուն դասացուցակ։

«Աշխարհում կան համալսարաններ, որոնք տվյալ դասընթացն առաջարկում են տարբեր ժամերի, և ուսանողները կարող են նաև ընտրել, թե որ ժամն է իրենց հարմար։ Քանի որ մենք չունենք նման ճկունություն, մեզ մոտ աշխատանքը խանգարում է ուսուցմանը։ Նույնիսկ եթե դասերի ժամին չէ այդ աշխատանքը, միևնույն է, խանգարում է»,- ասում է Խաչատրյանը և որպես օրինակ մատնանշում իր ուսանողներից մեկին, որը գիշերային ժամերին պահակ է աշխատում։

«Իմ ուսանողը մի քանի օր առաջ առավոտյան տասին հանձնել էր հերթապահությունը, տասներկուսին եկել էր դասի ու քնում էր, որովհետև գիշերն աշխատել էր։ Աշխատանքը Հայաստանում, իհարկե, խանգարում է ուսուցմանը, մանավանդ եթե խոսում ենք բակալավրիատի մասին»,- ասում է նա։

Խաչատրյանի կարծիքով՝ բակալավրիատում սովորելու տարիներին խրախուսելի է, որ ուսանողներն ազատ գրաֆիկով աշխատեն․ «Օրինակ, շատերը դասապատրաստող են աշխատում, մի մասը փոքր երեխաներին օտար լեզու է սովորեցնում։ Ազատ գրաֆիկով աշխատանքը շատ լավ է, մանավանդ եթե կապված է մասնագիտության հետ»։

Խոսելով առկա իրավիճակի մասին՝ Խաչատրյանն ասում է, որ անգամ համալսարանների բակով անցնող մարդը կնկատի, թե որքան քիչ ուսանողներ կան տարածքում։ Պատճառը ուսանողների բացակայություններն են։ Կրթության փորձագետն ասում է՝ ինչ-որ պահի ուսանողները հասկացան, որ բուհը կախված է իրենց վարձավճարներից, ուստի չի կարող ուսանողին հեշտությամբ հեռացնել։

«Եթե հանկարծ բացակայությունների համար հեռացնեն, հնարավոր է՝ 50 տոկոսը ենթակա լինի հեռացման։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հիմա լուռ համաձայնություն կա բուհ-ուսանող հարաբերություններում, այն է՝ ուսանողները վճարում են ուսման վարձը, բուհն էլ թողնում է, որ նրանք աշխատեն»,- ասում է Խաչատրյանը։

Ասում է, որ ներկայում կանոնավոր կերպով դասի են հաճախում պետպատվերով սովորողները, որպեսզի ռոտացիայի հետևանքով հանկարծ չզրկվեն անվճար սովորելու հնարավորությունից, ապահով ընտանիքների երեխաները, որոնք ուսման հաշվին ֆինանսներ հայթայթելու խնդիր չունեն, և ավանդական մտածողությամբ ընտանիքների երեխաները, որոնք առաջնորդվում են՝ նախ ուսում, հետո աշխատանք սկզբունքով։

Իսկ դասից բացակայողներին Խաչատրյանը երկու խմբի է բաժանում՝ ուսանողներ, որոնք երբեմն դասի են հաճախում և ուսանողներ, որոնք ընդհանրապես համալսարան չեն գալիս, քանի որ դասի ժամերին աշխատում են։

«Եվ այս իրավիճակը փորձում ենք լեգալացնել»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե նկարագրված իրավիճակում նաև օրենսդրական նախաձեռնությամբ խրախուսվի ուսանողների աշխատելը, ապա շատ ավելի մեծ թվով ուսանողներ կձգտեն աշխատաշուկա, դրանից ոչ միայն կտուժի կրթական գործընթացը, այլ նաև մի շարք ռիսկեր կառաջանան։

«Այստեղ կարող են առաջանալ որոշ չարաշահումներ։ Օրինակ, մարդիկ, որոնք պետական հիմնարկներում լծակներ ունեն, կլինի պոլիկլինիկա, դպրոց, մանկապարտեզ, ինչ-որ մի հիմնարկ՝ մասնավոր կամ սեփական, կփորձեն իրենց երեխաներին ձևակերպել, որ այդ արտոնություններից օգտվեն։ Ուսանողների մի մասն էլ իսկապես կփորձի աշխատել ու դասի չգալ, ու կունենանք հաճախումների առումով ավելի վատ վիճակ,- ասում է Խաչատրյանը։- Արդյունքում մեր աշխատուժը լինելու է ավելի ցածրորակ, քան ներկայում է»։

Խաչատրյանը շեշտում է՝ բակալավրիատի առաջին կուրսից աշխատող ուսանողը չի կարող դառնալ մասնագետ, հետևաբար ավարտելուց հետո չի կարողանալու իր մասնագիտությամբ լուրջ աշխատանք գտնել։ Արդյունքում նման շրջանավարտը դպրոցից հետո ուսումը չշարունակած անձից տարբերվելու է միայն թղթի տեսքով դիպլոմի առկայությամբ։

«Եթե մենք ունենք փող, որովհետև նման նախագիծը դա է նշանակում, ինչո՞ւ այդ գումարը չենք ուղղորդում պետպատվերով տեղերն ավելացնելուն, զեղչերն ավելացնելուն, ավելի թիրախային գործողություններին»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ նախաձեռնության կյանքի կոչվելու դեպքում նաև խտրականություն կդրսևորվի գերազանց սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների նկատմամբ, որոնց եկամտահարկն իրենց չի մնալու։

Կրթության փորձագետը նաև ահազանգում է, որ օրենսդրական մակարդակով ուսանողների աշխատելը խրախուսելը կարող է վտանգել որոշ մասնագիտություններ, օրինակ, բժշկությունը։

«Եթե Բժշկական համալսարանում էլ այդպիսի բան լինի, որ ուսանողները փորձեն դասերի չգնան, այլ աշխատեն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի բժիշկների որակը։ Բժշկությունն այն ոլորտն է, որտեղ ներկայում քիչ թե շատ հաճախումների վիճակը լավ է, քանի որ խիստ է դրվածքը»,- ասում է նա։

Խաչատրյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը կարելի է կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակում։ Ասում է, որ կրթական այս աստիճաններում գրաֆիկն ավելի ճկուն է, բացի այդ, ուսանողն արդեն որոշակի տեսական գիտելիքներ ունի և ժամանակն է, որ նաև կիրառական հմտությունները զարգացնի։

«Բայց բակալավրիատի դեպքում խնդիր կա, որովհետև որոշակի տեսական հիմք է պետք մարդուն, որ նա համարվի բարձրագույն կրթություն ունեցող։ Հաճախ ծաղրում ենք տեսականը, բայց եթե մի քիչ խորը նայեք մարդկության պատմությունը, բոլոր հայտնագործությունները եղել են տեսական գիտելիքների ու տեսությունների հիման վրա։ Տեսությունը կարևոր է։ Եթե կան դասախոսներ, որ հին տեսություն են սովորեցնում կամ վատ ձևով են սովորեցնում, դրա լուծումն այն չէ, որ տեսական գիտելիք պետք չէ։ Դրա լուծումն այն է, որ պետք է տեսական գիտելիքը ավելի լավ ձևով մատուցել ու սովորեցնել»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով ուսումն ու կրթությունը համատեղելու խնդիրներին՝ Խաչատրյանը մատնանշում է նաև գործատուների պատրաստակամության հարցը։

«Շատ ուսանողներ բողոքում են, որ գործատուն չի թողնում դասի հաճախել։ Դեպք եմ ունեցել, որ ուսանողն անգամ միջանկյալ քննության չի եկել, որովհետև գործատուն չի թողել՝ համարելով, որ իր աշխատողի կրթությունն իրեն չի հետաքրքրում,- ասում է նա։- Գործատուներն էլ պետք է հարգեն կրթության իրավունքը։ Ներկայում աշխատանքային օրենսգրքում այս հարցը թողնված է գործատուի հայեցողությանը»։

Հարցին, թե ելնելով հայտարարություններից՝ կարելի է կարծել, որ իշխանություններն այդքան էլ չեն կարևորում կրթությունը, Խաչատրյանը նշում է․ «Հեղափոխությունից հետո հայտարարություն եղավ, որ մինչև հիմա կրթությունը ծառայել է սոցիալական նպատակներին, և որակն անտեսվել է։ Հիմա, եթե այս որոշումն ընդունվի, էլի որակի խնդիր է առաջանալու, քանի որ մարդկանց ասում ենք՝ աշխատեք, սովորելը կարևոր չէ»։

Աղբյուրն՝ այստեղ