16 Սեպտեմբերի 2019թ. 12:49

Մահացել է Սարգիս Հովիվյանը

Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը:

Հայկական ֆուտբոլի զարթոնքը սկսվեց այն բանից հետո, երբ Վրաստանից 1957 թվականին, հայրենիք ներգաղթեց 19-ամյա պատանին ու անմիջապես դարձավ ֆուտբոլի հայ երրկրպագուների կուռքը: Տասը և ավելի տարի, հանդիսատեսը մարզադաշտ էր գնում դիտելու ֆուտբոլի ֆենոմեն Հովիվյանի խաղը:

Երբ տաղանդաշատ ֆուտբոլիստին, ԲԿՄԱ-ի կազմում խաղալու ակնկալիքով, զորակոչեցին սովետական բանակ, հայ ֆուտբոլասերներն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ Խորհրդային Միության սպորտի պատասխանատուները որոշեցին Երևան վերադարձնել Հովիվյանին:

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին եղեռնից մազապուրծ լինելուց հետո։ Նա ընտանիքի չորրորդ երեխան էր։

1957 թվականին Հովիվյանը խաղացել է Քութայիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թվականներին` Երևանի «Սպարտակ», 1963 թվական «Արարատ», 1967 թվականին՝ Մոսկվայի «Սպարտակ» թիմերում:

1970-1972 թվականներին եղել է Լենինականի «Շիրակ» և Կիրովականի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թվականներին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թվականներին աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թվականներին՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թվականներին ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ, 1988-1989 թվականներին՝ ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, 2007-2011 թթ.՝  Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի “Ինժեներ” թիմի մարզիչ:

Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն էր, ով 1959 թվականին Մոսկվայի «Սպարտակի» կազմում (ԽՍՀՄ այլ ակումբների խաղացողներով ուժեղացված), մեծ հաջողությամբ հանդես է եկել հարավամերիկյան թիմերի հետ խաղերում։

Երևանի “Արարատի” կազմում անցկացրել է 147 խաղ, խփել 29 գոլ։

Երեք անգամ՝ 1960թ. և 1964թ.՝ Երևանի «Սպարտակի» կազմում, 1961թ.՝ ԲԿՄԱ կազմում անկյունայինից դարձել է գոլի հեղինակ:

Համոզված եմ, որ  Սարգիս Հովիվյանը հավերժ կմնա պատմության մեջ, որպես հայրենական սպորտում ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՍՂԱԲՈՒՅԼԻ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ…

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր

P.s. Նկարում՝ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի “Ինժեներ” թիմի մարզիչ Սարգիս Հովիվյանը աջից առաջինն է, 2007թ., Ալավերդի: