Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տիրող բարքերի մասին մենք բազմիցս անդրադարրձել ենք BUH.AM-ի էջերում: Դեռևս 2016 թվականին մենք առաջինն էինք, որ ահազանգեցինք համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած բազմաթիվ դրվագների մասին (այստեղ): Սակայն ոչինչ այդպես էլ այդ բուհում չփոխվեց: Անպատժելիության մթնոլորտը և ոլորտի պատասխանատուների անտարբերությունը բուհի ռեկտորի մոտ պատրանք ստեղծեցին, որ ինքն է տերն ու տիրականը այդ համալսարանի և կարող է անել այն ամենը, ինչ կուզի: Այսօր, այդ դեպքերից երեք տարի անց, ցավով պիտի նշենք, որ ռեկտոր Գալստյանի անպատասխանատու, անտրամաբանական որոշումների հետևանքով երբեմնի ծաղկող բուհը բոլոր ուղղություններով ճաքեր է տալիս:
Ներկայացնում ենք տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի դիտարկումները, ճարտարապետաշինարարական համալսարանում հասունացող նոր սկանդալի վերաբերյալ.
Համալսարանից այսօր հավաստի տեղեկություններ ստացանք այն մասին, որ տարկետման իրավունքով առկա ուսուցման ասպիրանտ Արթուր Արամայիսի Մուսաելյանը, ում ուսումնառության ժամկետն ավարտվում է օրերս, չի կարողանալու պաշտպանել իր ատենախոսությունը՝ համապատասխան քանակի տպագրված աշխատանքներ չունենալու հիմնավորմամբ:
Առաջին հայացքից նորմալ, հնարավոր իրավիճակի տպավորություն կարող է ստանալ ընթերցողը: Սակայն, միայն առաջին հայացքից: Քանի որ, երբ սկսում ես ծանոթանալ մեզ տրամադրված փաստաթղթերին, պարզ է դառնում, որ համալսարանում շնորհալի երիտասարդի գիտական ուղին խեղվել է ի սկզբանե, այդպիսով կանխորոշելով նրան այսօր կանգնեցնել “կոտրած տաշտակի” առջև, գուցե և նրա մեջ սպանելով գիտությամբ զբաղվելու ցանկությունը:
Տեսեք, թե Արթուր Մուսաելյանի ատենախոսության համար ինչ թեմա է հաստատվել. “Напряженное состояние полупространства с трещиной и штампом на поверхности под динамическом воздействием при антиплоской деформации”. Ասպիրանտի գիտական ղեկավարն է ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Կարո Աղայանը: Հավանաբար ատենախոսության պաշտպանությունը ցանկացել են իրականացնել Ե 23.01 — “Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա” մասնագիտությամբ: Բայց միթե՞ այս թեման համապատասխանում է շինարարական մեխանիկային: Իհարկե ոչ: Հազար անգամ ոչ: Սա ընդհանրապես, ” Ե 00.00 — “Տեխնիկական գիտություններ” բնագավառից չէ, այլ “ուղն ու ծուծով” Ա 02.00 “Մեխանիկա” բնագավառից է: Հաստատել ատենախոսության այսպիսի թեմա ու տալ տեխնիկական բուհի շրջանավարտին, նշանակում է կանխամտածված դատապարտել նրան անհաջողության, իր հնարավորությունների նկատմամբ վստահության կորստի, ու ի վերջո՝ ստեղծված իրավիճակում հայտնվելու անխուսափելիության: Հիմնավորեմ ասածս. նախ թեման 99,9 տոկոսով տեսական է և միայն անուղղակի կերպով կարող է առնչվել ինժեներական խնդիրներին, ուստի այսպիսի խնդիր կարող է առաջադրվել պետական համալսարանի, այլ որ թե ճարտարապետաշինարարական համալսարանի շրջանավարտին, երկրորդ. այսպիսի ուղղվածության աշխատանք կատարելու համար, անհրաժեշտ է մաթեմատիկայի հատուկ կուրսերի խորը իմացություն, որը չի կարող ունենալ ընդամենը 4 կիսամյակ մաթեմատիկա ուսուցանող բուհի շրջանավարտը: Իհարկե, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պոլիտեխնիկի շրջանավարտները հաղթահարել են այդ արգելքը՝ Թորգոմ Խաչատրյան, Օգսեն Սապոնջյան, Գրիգոր Գուրզադյան ու շատ ուրիշներ, սակայն դա արվել է մաթեմատիկայի և այլ տեսական առարկաների լրացուցիչ, երկարաժամկետ ուսումնառության անխուսափելի գործընթացից հետո: Այսպիսի թեմա տեխնիկական բուհի շրջանավարտի համար հաստատելը, կարելի է որակավորել, որպես այս ոլորտում՝ գիտխորհրդի նախագահի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի բացարձակ անտեղյակության արդյունք: Ուրիշ բան չէր էլ կարող ակնկալվել այն բուհի գիտական խորհրդից, որը լցված է չինովնիկներով ու կրթության և գիտության հետ կապ չունեցող բազմաթիվ անձանցով, ում ներկայության պայմաններում կարող ուժերը դառնում են անտարբեր ու իներտ:
Ատենախոսության վերաբերյալ ասպիրանտ Մուսաելյանի գիտական ղեկավար Կարո Աղայանը, օրերս, մեկ տասնյակից ավել դիտողություններ է ներկայացրել. ատենախոսության վերնագիրը փոխել, անոտացիան նորից գրել, խնդրի դրվածքը վերանայել, հավասարման եզրային պայմանները գրել նոր առնչության միջոցով, ներմուծել նոր ֆունկցիա և թռիչքները, կատարել Ֆուրիեի ձևափոխություն, գրել նոր բանաձևեր ու ստանալ դրանց լուծումները, կատարել թվային հաշվարկներ, և այլն… Եվ այս դիտողությունները ասպիրանտին ներկայացվում են 2019թ. հուլիսի 10-ին, այսինքն այն ժամանակ, երբ ասպիրանտուրայում ուսումնառության նրա ժամկետն արդեն ավարտված է:
Համալսարանում բոլորը գիտեն, որ Կարո Աղայանի արված դիտողություններից, ռեկտոր Գագիկ Գալստյանը ոչինչ չի կարող հասկանալ, սակայն գիտքարտուղար Լևոն Լևոնյանը և նրա հետ միասին ևս մի քանի մասնագետներ պիտի հստակ արձագանքեին սրան ու ասեին. էս ի՞նչ եք անում: Երեք տարի ասպիրանտուրայում սովորելու տարիներին ինչո՞վ եք զբաղվել, որ վերջնագծում ատենախոսության ամբողջ ծավալին համադրելի նոր առաջադրանք եք ձևավորում:
Սակայն նրանք այս մասին լռել են՝ թողնելով երիտասարդ մարդու ճակատագիրը ինքնահոսի: Եթե ասպիրանտը չէր կարող այս թեմայով գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա ժամանակին պիտի փոխվեր և թեման և, անհրաժեշտության դեպքում՝ գիտական ղեկավարը:
Իսկ եթե ասպիրանտը չէր ուզում գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա նա, ատեստավորման արդյունքներով, վաղուց պիտի հեռացված լիներ ասպիրանտուրայից:
Չի արվել ոչ մեկը և ոչ՝ մյուսը:
Չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի դեռ համալսարանի ղեկին, ուսումնագիտական գործառույթներից հեռու, պատահական մի անձնավորություն է նստած, որի կառավարման տարիներին շուրջ երկու անգամ բուհում կրճատվել է տպագրվող գիտական հանդեսների քանակը, գիտական հոդվածները չեն անցնում պատշաճ փորձաքննություն և հաճախ լեփ-լեցուն են ինտերնետից “քոփի-փեստ” արած նյութերով, երբ համալսարանում գիտության նկատմաբ արհամարհական կայուն վերաբերմունք է ձևավորվել:
Եվ ո՞վ պիտի այս խնդիրները համակարգի. ԻՆՔԸ՝ գրագողության մեջ ներքաշված ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Առնվազն, անլուրջ է:
Ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման տարիներին դադարեցվել է համագործակցությունը հայտնի միջազգային գիտական կազմակերպությունների հետ (այդ մասին, տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանի դիտարկումներն այստեղ):
Գագիկ Գալստյանի կառավարման օրոք, համալսարանում ոչ-ոք տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան չի ստացել, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների թիվը կտրուկ նվազել է՝ շուրջ 2 անգամ:
Այս բոլորը չե՞ն կարող, թե՞, համառորեն չեն ուզում նկատել համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները ու ոլորտի այլ պատասխանատուներ:
Եկեք միահամուռ շարունակենք հանդուժել Ճարտարապետաշինարարական համալսարանի ղեկին Գագիկ Գալստյանին ու նրա վարչախմբին: Շարունակենք նույն կրավորական կեցվածքով, և արդյունքում կունենանք ավերված հետազոտական դաշտ ու երիտասարդների՝ բազմաթիվ խեղված ճակատագրեր:
Մենք վատամարդ դուրս չգանք, գիտության հերն էլ անիծած:
Պետրոս Համբարձումյան
տ.գ.դոկտոր, պրոֆեսոր
P.s. BUH.AM -ը պատրաստ է այս խնդրի վերաբերյալ տպագրել կողմերի դիրքորոշումները, որոնք կարող են ուղարկվել info@buh.am հասցեով: