18 Հոկտեմբերի 2019թ. 10:14

Վաստակավոր շինարար Վլադ Ասատրյանի քաղաքական սխալը

Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստային և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին:

Հիշեցնենք, որ «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ ասատրյանը հանդիսանում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Վլադ Ասատրյանն, ով վաղուց արժանի է ցանկացած պետական պարգևի, վաստակավոր շինարարի կոչումն ստանում է մի իրավիճակում, երբ դրա համար պարտական է մնալու նույն համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: Բանն այն է, որ այս երկու թեկնածուների` իր և Վլադ Ասատրյանի առաջադրումն արել է Հայաստանի շինարարների միությունը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է:

Փաստորեն, առաջադրելով Վլադ Ասատրյանին վաստակավոր շինարարի կոչման, Գագիկ Գալստյանը համոզված է, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը շարունակելու է պարտակել իր կողմից համալսարանում կատարած հակաօրինական գործողությունները: Այն, ինչն անում է Վլադ Ասատրյանը, բուհի հոգաբարձուների նախագահ դառնալու պահից` մինչ օրս:

Այլ կերպ, քան կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք, այս առաջադրմանը գնահատական տալ հնարավոր չէ:

Պետրոս Համբարձումյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր