14 Դեկտեմբերի 2019թ. 13:47

Անահիտ Բախշյան. Աշխատավարձի չնչին բարձրացումը, վարագույր է ուսուցիչների դժգոհությունը թաքցնելու համար

Աշխատավարձի չնչին բարձրացումն (Հայաստանում՝ 10 %) ընդամենը վարագույր է ուսուցիչների դժգոհությունը թաքցնելու համար, որովհետև ուսուցիչն այսօր իր կարգավիճակից դժգոհ է ոչ այնքան աշխատավարձի պատճառով, որի  10 % բարձրացումն էական չի լինելու իր ընտանիքի համար, որքան  իր զարգացման, կատարելագործման ու առաջընթացի համար ոչինչ չարվելու համար: Այն, իհարկե պարտադիր, բայց ոչ՝ բավարար պայման է։

 Վերջերս բոլորովին անկախ, ոչ պետական մի կառույց (Պարադիգման) ուսուցիչների հավաք հայտարարեց, որտեղ ուսուցիչները հնարավորություն ստացան իրար լսել, մտքեր ու փորձ փոխանակել: Մոտ ութ հարյուր ուսուցիչ դիմեց այդ կազմակերպությանը, որոնցից մեծամասնությունը՝ մարզերից ու չնայած իրենց ստացած չնչին աշխատվարձին, նրանք գտել էին տրանսպորտի համար գումար և եկել:

“Պարադիգմա”-ն հնարավորություն ուներ պայմաններ ապահովել 400 հոգու համար, այսինքն մյուս 400-ը  չկարողացավ մասնակցել։ Ինչո՞ւ այս մասին ասեցի, որովհետև ես նունպես մասնակցեցի  այդ փորձի փոխանակմանն, ու նկատեցի, թե ինչ պատրաստակամությամբ էին նրանք եկել իրար լսելու և իրենց մասնագիտական գիտելիքները կատարելագործելու համար: Այսինքն՝ ուսուցիչն ուզում է իրեն անընդհատ զարգացնող հարթակներ ունենալ, իսկ մեր կառավարությունը, առանց նորը ստեղծելու, վերցրեց և Կրթության ազգային ինստիտուտը լուծարեց:

Այսօր ուսուցիչն անպաշտպան է և մենակ՝ իր մանկավարժական հոգսերի մեջ, ինչպես և բուհերի դասախոսները: Այսինքն՝ չունենք այն կարևոր մշտական գիտամեթոդական հարթակը, որտեղ ուսուցչի համար կստեղծվեն բոլոր անհարժեշտ նախադրյալներն ու պայմանները՝ խթանելու նրանց մասնագիտական զարգացումը։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ