13 Դեկտեմբերի 2019թ. 6:17

ԲՈԿ-ը եզրակացրել է, որ Հայրապետյանը գիտական անբարեխղճություն է ցուցաբերել. Azatutyun.am

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար, գրագողության մեջ մեղադրվող Ռուբեն Հայրապետյանի շուրջ ծավալվող գործընթացները նոր ընթացք են ստացել: Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը:

Այն բանից հետո, երբ նա իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով լքեց զբաղեցրած պաշտոնը մի խումբ ուսանողներ ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով բուհի ղեկավարի պաշտոնում կրկին վերականգնել Հայրապետյանին: Ինտերնետային ստորագրահավաքին արդեն շուրջ 2000 մարդ է միացել:

«Մեր նպատակն այն է, որ բարեփոխումներ սկսած անձը շարունակի իր բարեփոխումների գործընթացը, որովհետև մենք տեսել ենք ենք այն մտքի ճկունությունը, այն տեսլականը, որ նա ունի», — «Ազատությանն» ասաց ստորագրահավաքին միացած ուսանողներից Անի Խաչատրյանը:

Հայրապետյանն իր պաշտոնավարման ընթացքում նախաձեռնեց պրոֆեսորադասախոսական նոր կազմի մրցույթ, ինչը հարուցեց մի խումբ դասախոսների բողոքը, որոնք կամ չէին հաղթահարել այն կամ ընդհանրապես չէին մասնակցել: Նրանք բուհի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում գրագողություն էին հայտնաբերել, այդ փաստերն ուղարկել էին վարչապետին, ով Բարձրագույն որակավորման կոմիտեին (ԲՈԿ) հանձնարարել էր ուսումնասիրել Հայրապետյանի ատենախոսությունը:

Ըստ ԲՈԿ-ի եզրակացության, Հայրապետյանը այլ հեղինակներից ու աղբյուրներից առանց համապատասխան հղումների նյութեր է փոխառել։ Փոխառված տեքստում հղումների առկայության դեպքում նա նույնությամբ պահպանել է դրանք, դրանով պայմանավորված աշխատանքի գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։

«Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: Նրա գիտաժողովներից մեկի տեղեկագրում հրապարակած նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014-ին մեկ այլ հանդեսում իր հրապարակած աշխատանքներից մեկը», — նշված է ԲՈԿ-ի եզրակացության մեջ։

Հայրապետյանի վերադարձը պահանջող ուսանողները խոսելով այս պատմության մասին՝ շեշտում են, թե գիտական աշխատանքներում խնդիրների առկայությունը համատարած է:

Անի Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում անթերի ատենախոսություն գտնելը գրեթե անհնար է․ — «Եթե բացվել է այդ կծիկը, այն պետք է բացվի մինչև վերջ, և պատասխան չպետք է տա մեկ անձ այն բոլոր խնդիրների համար, որոնք գոյություն են ունեցել նախկինում»:

Տնտեսագիտականի նախկին ղեկավարը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել ուսանողներին: Իսկ երեկ նա անդրադարձել է ԲՈԿ-ի եզրակացությանը՝ գրելով․ — «Այս ամբողջը գործընթացը որևէ աղերս կունենա տրամաբանության և օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը»:

Տնտեսագիտականում և տնտեսագիտականի շուրջ ծավալվող գործընթացների մասին իր կարծիքը հայտնեց նաև Կրթույան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսումնական պրոցեսը, ըստ նախարարի, չի խոչընդոտվի:

Իսկ ինչ վերաբերում է ուսանողների ստորագրահավաքին, նախարարն ասաց․ — «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել: Երբ որ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն Ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»:

Նախարարի հրամանագրով ՀՊՏՀ-ի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակված Դիանա Գալոյանը, ով Հայրապետյանի օրոք պրոռեկտոր էր, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին ղեկավարի նախաձեռնած բարեփոխումներից հետ չեն կանգնելու․ — «Հայրապետյանին համարում եմ իմ ընկերը, իմ թիմակիցը: Ես կարծում եմ բարեփոխումների ուղին, անկախ նրանից, ով կգա Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ուղղակի դրան այլընտրանք չկա»:

Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, Գալոյանն ասում է․ — «Ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդությունը պայքարում է իր իրավունքների համար: Ես դրան լրիվ նորմալ եմ նայում: Ես ուղղակի մի քիչ լավ չեմ հասկանում պահանջը: Եթե պահանջն այն է, որ ռեֆորմները շարունակվեն, ռեֆորմները շարունակվում են: Եթե պահանջն այն է, որ կոնկրետ անձը ռեֆորմները շարունակի, դա արդեն լիազոր մարմնի որոշելու հարցն է, և ես այդտեղ չեմ կարող ոչինչ ասել»:

Բողոքող ուսանողները նախարարին ի պատասխան հայտարարում են՝ նյութականացումը չի ուշանա։

Աղբյուրն՝ այստեղ