20 Նոյեմբերի 2019թ. 8:56

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը պիտի կողմնորոշվի. ռեկտոր Գալստյանի պաշտոնավարմանը մնացել է 14 օր

Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին: Հետևաբար, մինչև ռեկտորի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը, բուհի հոգաբարձուների խորհուրդը պետք է ռեկտորի պաշտոնակատար նշանակի: Այլապես, նոյեմբերի 20-ին, համալսարանը կմնա առանց ղեկավարի:

Այս առումով, նախանձելի չէ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ռեկտոր Գալստյանի մտերիմ ընկեր, Վլադ Ասատրյանի վիճակը:

Գագիկ Գալստյանն, ամիսներ առաջ, կարողացավ հասնել նրան, որ Վլադ Ասատրյանն ընդգրկվի բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում և ընտրվի նախագահ:

Օգոստոս ամսին, վաստակավոր շինարարի կոչման առաջադրելով Վլադ Ասատրյանի թեկնածությունը, Գագիկ Գալստյանը լրացուցիչ բարոյական բեռ դրեց ընկերոջ ուսերին: Այդպիսով, նա պարտավորեցնում է Վլադ Ասատրյանին “աչք փակել” իր կողմից կատարած ակնհայտ ապօրինություններ վրա և նույնիսկ փորձել երկրորդ անգամ  իրեն ռեկտոր դարձնել:

Եվ բոլորովին պատահական չէ, որ Վլադ Ասատրյանն, այս ամիսների ընթացքում չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները՝ նույնիսկ փորձ չանելով կանխել ռեկտոր Գալստյանի կողմից կատարվող հակաօրինական գործողությունները:

Սակայն, վերջին ժամանակահատվածում, բուհի և ռեկտոր  Գալստյանի հետ կապված մի շարք էական իրադարձություններ են տեղի ունեցել.

-ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. թիվ 575-Ա/2 հրամանով՝ Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովի 05.09.2019թ.  եզրակացությամբ, հաստատվել է ռեկտորի աշխատանքում գրագողության առկայությունը.

— համալսարանի մի քանի պրոֆեսորներ լրջագույն հարցադրումներ են արել ռեկտոր Գալստյանին, որոնց, մի քանի ամիս է, ինչ նա չի կարողանում պատասխանել.

-դատարաններում քննվում են գործեր, կապված համալսարանում իրականացվող հակաօրինական գործունեության և գույքի ապօրինի օտարման հետ.

-օր օրի բացահայտվում են ռեկտոր Գալստյանի հակաօրինական գործողությունների նոր դեպքեր.

-ակտիվացել են ռեկտորի կողմից բերված, սակայն բուհի հետ կապ չունեցող ու իրենց պահվածքով  համալսարանը վարկաբեկող կադրերը:

Այս պայմաններում համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը պիտի կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարհով գնալ: Նա ունի ընտրության 4 տարբերակ.

  1. Շարունակել հովանավորել ռեկտոր Գալստյանին՝ գիտակցելով, որ այդպիսով կիսելու է նրա կողմից կատարած քայլերի պատասխանատվությունը.
  2. Ռեկտորի պաշտոնակատար առաջադրել, համալսարանի կանոնադրությամբ՝ ռեկտորի չափանիշներին համապատասխանող որևէ անձի  և հոգաբարձուների խորհրդում հիմնավորել այդ առաջադրումը.
  3. Հրաժարական ներկայացնել.
  4. Հոգաբարձուների նիստ մինչև 19.11.2019թ. չգումարել, և ռեկտորի պաշտոնակատար չնշանակել:

Եթե Հայաստանի վաստակավոր շինարար Ասատրյանն ընտրի 1-ին կամ 4-րդ տարբերակները, ապա, ամենայն հավանականությամբ, գործի հետագա ընթացքը կշարունակվի դատարանում: