7 Դեկտեմբերի 2019թ. 20:02

Ջրային կոմիտեի և Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև հուշագիր է ստորագրվել

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել Ջրային կոմիտեի և ինստիտուտի միջև արդյունավետ փոխգործակցությունը:

Հուշագիրը Կոմիտեի անունից ստորագրել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարգև Բալջյանը:

Փոխնախագահ Հարություն Գուլյանը կարևորել է ինստիտուտի գիտական ներուժը, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա:
Փաստել է, որ Ինստիտուտը կարևոր անելիք ունի Ջրային համակարգերի կառավարման մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում ենք մասնագետների պակասին: Հատկապես մարզերում այս խնդիրն ավելի սուր է և այն լուծելու համար նույնպես կարևոր է մեր համագործակցությունը։ Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Պարգև Բալջյանը ողջունելով ներկաներին իր հերթին գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստակամ է իրենց փորձը և գիտելիքները փոխանցելու առումով։
Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը պայմանավորվում են մեկտեղել իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը՝ համագործակցելով հետևյալ ուղղություններով՝Ջրային համակարգերի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովման ուղղությամբ իրականացնել հիդրոհանգույցների զննում, խնդիրների բացահայտում, դրանց վերացմանն ուղղված լուծումների քննարկում, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, պարբերականների և այլ նյութերի հրատարակում և փոխանակում, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, համապատասխան լաբորատորիաների, սարքավորումների, և այլ տեխնիկական միջոցների համատեղ օգտագործում, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման հետ կապված այլ հարցերում:Իր հերթին Ինստիտուտը պլանավորում է իրականացնել հիդրոտեխնիկական կառուցվածքների մշակման և կատարելագործման աշխատանքներ, կատարել լաբորատոր փորձարկումներ, հիդրոհանգույցների (դրանց մասերի) հիդրավլիկական մոդելավորում:

Հուշագրի ստորագրմանը ներկա էր Ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, ՇՏՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուրն՝ այստեղ