19 Սեպտեմբերի 2021թ. 11:19

Արկադի Բարխուդարյանը գնաց դեպի հավերժություն. Rector.am

2020 թ. նոյեմբերի 1-ին իր մահկանացուն կնքեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Միսակի Բարխուդարյանը:

Արկադի Բարխուդարյան, Ռոմիկ Հովնանյան, Վաչե Թոքմաջյան (1970թ.)

Ծնվել է 1940 թ. օգոստոսի 12-ին: 1958թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1963 թ. գերազանցությամբ ավարտել է շինարարական ֆակուլտետը՝ ստանալով ինժիներ-հիդրոտեխնիկի որակավորում:

1969 թ. Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1990 թ. Մոսկվայի ջրամատակարարման, ինժիներական հիդրոերկրաբանության և հիդրոտեխնիկական կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում՝ դոկտորական ատենախոսություն:

1985 թ. նրան շնորհվում է ՀԽՍՀ պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում, իսկ 2012 թ., ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

Պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրավլիկայի ամբիոնը: 1990 թ.-ից մինչև կյանքի վերջին օրը հանդիսացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը:

Նա Ռուսաստանի բնագիտական ակադեմիայի անդամ էր:

Ատենախոսության պաշտպանություն (2003թ.)

Պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանի գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերել են հիդրոդինամիկ հարթաչափման տեսությանը: Նա մեծ ճանաչում ստացած հիդրոդինամիկ հարթաչափման մեթոդի համահեղինակներից է:

Նա հեղինակել է երկու ուսումնական ձեռնարկ և շուրջ հարյուր գիտական աշխատանք, ունի թվով 17 գյուտի հեղինակային իրավունքի վկայական:

Հովհաննես Թոքմաջյան, Եղիազար Վարդանյան, Արկադի Բարխուդարյան, Վարդգես Եդոյան (Վալենսիա, 2013 թ.)

 

Արկադի Բարխուդարյանը 25 տարի եղել է ՀՀ ԲՈՀ-ի 030 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալը: Հանդսացել է Հայաստանի շինարարների տեղեկագրի խմբագրական հանձնախմբի անդամ, ԵՃՇՊՀ-ի տեղեկագրի խմբագրական կոլեգիայի անդամ:

Արկադի Բարխուդարյանի գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է շուրջ մեկ տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություն:

Պրոֆեսոր Բարխուդարյանն անդամակցել է Հիդրավլիկան հետազոտությունների (IAHR) և Էներգետիկ ճարտարագետների  (AEE) միջազգային ասոցիացիաներին:

Այսօր մեր ժողովուրդը ծանր օրեր է ապրում: Մեծ ցավ կա յուրաքանչյուրի սրտում. ամեն օր ռազմաճակատում նահատակվող մեր տղաների կորստի ցավին գումարվում է թագավարակից մահացողների ցավը… ու գումարած դրան՝ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ ԲՌՆԱԾ ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ցավը, որոցից մեկն էլ Արկադի Միսակի Բարխուդարյանն էր …

Հովհաննես Թոքմաջյան