25 Հոկտեմբերի 2021թ. 20:46

Այս ժամանակահատվածում 40 հազար կով մորթվել է, մենք էական վնասներ կունենանք. Գագիկ Մակարյան. panorama.am

«Հողերը հանձնելու կամ կորուստների հետևանքով մենք ունենք հնարավորությունների նվազում՝ ցորենը թե՛ Արցախից ներմուծելու, թե՛ տեղերում աճեցնելու առումով»,- ասուլիսում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը՝ ներկայացնելով պարենի անվտանգության ոլորտում իրականացված ուսումնասիրությունները: Այս մասին գրել է panorama.am-ը:

Բանախոսը տեղեկացրեց, որ 2020 թվականի օգոստոսից լուրջ ուսումնասիրություններ են արել՝  որոշելու, թե պարենի անվտանգության առումով ինչ խնդիրներ կարող են առաջանալ համավարակի, պատերազմի և հետպատերազմական շրջանում:

Մակարյանի խոսքով՝ վերլուծությունները իրականացրել են երեք փուլով՝ օգոստոս-սեպտեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին և նպատակ են ունեցել բացահայտելու, թե արդյոք կան խնդիրներ մատակարարման ոլորտում, առևտրի շղթայում ապրանքների առաքման, բերքի հավաքման, կամ այլ երկրներից ներմուծման գործընթացներում:

Նա հավաստիացրեց, որ հիմնականում խնդիրներ չեն արձանագրվել, բիզնեսը ճկունություն է դրսևորել և տարբեր ուղիներով մարկետինգային աշխատանքների շնորհիվ կարողացել է հասկանալ, թե որ երկրներից ներմուծման ժամանակ է պարենի պակասություն եղել, ինչպես վերաբաշխել և ինչքան ժամանակ շուտ պատվիրել, որպեսզի պարենի մատակարարման խափանում չլինի:

«Հիմնականում եղել են պարենի մատակարարման շատ փոքր ընդհատումներ՝ օրերի, կամ երկու շաբաթվա խզումներ, որը բնակչությունը չի զգացել»,- հայտարարեց ՀԳՀՄ նախագահը:

Նա հայտնեց, որ պարենի անվտանգության տեսանկյունից ուսումնասիրել են ինքնաբավությունը և տեսել, որ Հայաստանում այն ոչ բոլոր մթերքների գծով է առկա:

Մակարյանը հայտարարեց, որ հացահատիկային ապրանքների մատակարարման և բերքի առումով հիմնականում խնդիրներ չեն եղել, բայց արցախյան պատերազմից հետո, երբ  ցանքատարածքներ ենք կորցրել և բազմաթիվ տարածքներ հայտնվել են սահմանի եզրագծին՝ ապագայում խնդիրներ են առաջանալու:

Ըստ նրա՝ կարագի, ձեթի, մակարողենի հարցում Հայաստանը էականորեն ինքնաբավ չէ, քանի որ ձեթի 98 տոկոսը ներմուծում է, նույնը նաև կարագը:

Նկատելով, որ մրգերի, բանջարեղենի առումով հանրապետությունը ինքնաբավ է՝ Գագիկ Մակարյանն անցավ մյուս պարենային մթերքների խմբին. «Թռչնի մսով 27 տոկոսով ենք ինքնաբավ, խոզի մսի առումով՝ 65 տոկոս, տավարի մսով՝ 73 տոկոս, իսկ ոչխարի մսով՝ 115 տոկոս»:

Նրա խոսքով՝ տավարի առումով էլ խնդիրներ կունենանք, քանի որ բավականին մեծ թվով անասուններ մորթվել կամ գողացել են:

«Այս ժամանակահատվածում 40 հազար կով մորթվել է և մենք էական վնասներ կունենանք այդ առումով»,- տեղեկացրեց բանախոսը:

Ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված մյուս խնդիրն, ըստ Մակարյանի, այն է, որ  0.5-2 հեկտար գյուղացիական նշանակության փոքր հողատարծների կեսը չի մշակվում՝ տարբեր պատճառներով՝ անորակ սերմնացուների, գումարներ չունենալու, պարարտանյութի ու ջրի գների, աշխատուժի և տեխնիկայի բացակայության պատճառով:

Աղբյուրն՝ այստեղ